Ի՞նչ է կատարվում «Ժառանգություն»–«Ազատ դեմոկրատներ» դաշինքում
Ըստ որոշ տեղեկությունների՝ երեկ հանդիպել են խորհրդարանական ընտրություններին դաշինքով գնացող «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների նախագահներ Խաչատուր Քոքոբելյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը։ Այս տեղեկությունից «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը տեղյակ չէ, Tert.am–ի հետ զրույցում ասաց նա, իսկ «Ազատ դեմոկրատների» մամուլի քարտուղար Անժելա Խաչատրյանն էլ հրաժարվեց մեկնաբանել այն:
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ ոչ հերքվում, ոչ հաստատվում էր, որ նախընտրական դաշինքի համամասնական ցուցակում «Ազատ դեմոկրատների» ցանկը հնարավոր է՝ որոշ փոփոխություններ կրի:
Հարցին, թե արդյո՞ք ցուցակը հաստատված չէ այս քաղաքական ուժի քաղխորհրդի կողմից, Անժելա Խաչատրյանը պատասխանեց.«Հաստատված է, բայց հնարավոր փոփոխությունների տարբերակով»:
Նշենք, որ «ժառանգությունում» կարծիքը այս մասին մի փոքր այլ է, քանի որ Ստեփան Սաֆարյանը, քիչ հավանական համարելով հնարավոր փոփոխությունները, նշեց, որ «մաքսիմում, որոշ մարդիկ կարող են ինքանհրաժարականի դիմումներ ներկայացնել»:
Ամեն դեպքում, «Ազատ դեմոկրատներից» հորդորեցին մի քիչ սպասել ու ստանալ բարձրացված հարցրերի պատասխանը: Նշենք նաև, որ այսօր ժամը 11-ին նախատեսված Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը հետաձգվեց՝ «տեխնիկական պատճառներով»։ Ամենայն հավանականությամբ, երեկ երեկոյան կայացած հանդիպման արդյունքում վերջնական համաձայնություններ ձեռք չեն բերվել։ «Ուրբաթ» ակումբում հնարավոր համարեցին, որ ասուլիսը կկայանա հինքշաբթի օրը։
Ինչ վերաբերում է կուսակցության այլևս նախկին քարտուղար Կարինե Հակոբյանի հայտարարություններին, ապա դրանք Ստեփան Սաֆարյանի համար համոզիչ չեն եղել: Իսկ դիտարկմանն էլ, թե Կարինե Հակոբյանը հայտարարեց, որ ցուցակում ընդգրկված որոշ, հասարակությանն անհայտ անձանց դժվարանում է մտաբերել, պատասխանեց.«Հնարավոր չե՞ք համարում, որ հասարակության մի մասն էլ Կարինե Հակոբյանին կարող է չճանաչել»:









