Այս ընտրությունները ծրագրավորված են, արդյունքները ևս. Արամ Կարապետյան

12:38 • 21.03.12

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը նշեց, որ այն, որ իրենց կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու, զուտ իրենց քաղաքական որոշումն է:

«Մենք ոչ մի խնդիր չունենք՝ ո՛չ ֆինանսական, ո՛չ տնտեսական, ո՛չ մարդկային: Այս ընտրությունները ծրագրավորված են, արդյունքները ևս: Ազատ չեն լինելու, արդար չեն լինելու և չեն ներկայացնելու ռեալ պատկերը: Կանցնեն այնպես, ինչպես միշտ: Արդեն Հրազդանի ընտրությունների փորձը կա»,-ասաց նա:

Ըստ նրա՝ իշխանությունը ունի միայն մեկ նպատակ՝ ձևավորել այնպիսի խորհրդարան, որտեղ ինքը կունենա ոչ թե պարզ, այլ լուրջ մեծամասնություն:

«Մյուս կուսակցություններին ձևական տեղեր են տրվելու, քանի որ Բրյուսելում նախագահը, երբ 1.5 մլրդ օգնություն է խնդրել, ասել են ժողովրդավար ընտրություններ կանցկացնեք, կտանք: Այսինքն աճուրդի է հանվում Հայաստանի ժողովրդավարությունը»,-ասաց Արամ Կարապետյանը:

Նա հավաստիացրեց, որ առաջիկա ընտրություններին իշխանությունը այնքան փողային ռեսուրսներ է ներդնելու, որ ամբողջ ընդդիմությունը չունի այդ հնարավորությունը:

«Արմատական ընդդիմության պայքարի միակ ձևը փողոցն է: Եթե ընդդիմությունը գտնի այլ տարբերակ, ապա նրանց կարելի է արժանեցնել Նոբելյան մրցանակի»,-ասաց նա: