«Մենք կտեսնենք, որ ՀԱԿ-ը չի ունենա մեծամասնություն խորհրդարանում». Արամ Կարապետյան
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը զարմանալի է համարում գալիք խորհրդարանական ընտրություններին Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի (ՀԱԿ) մասնակցությունը և կարծում, որ ՀԱԿ մեծամասնություն չի ունենա։
Արամ Կարապետյանը բոլոր իշխող կուսակցությունների համագումարները նմանեցնում է ընդդիմականի, ինչը զարմանք է առաջացնում նրա մոտ:
«Մենք կտեսնենք, որ ՀԱԿ-ը չի ունենա մեծամասնություն խորհրդարանում: Իսկ եթե չեմ սխալվում նրա նպատակն է մեծամասնություն և իմպիչմենտ: Իսկ այս պարագայում նշանակում է, որ ՀԱԿ-ը պարտություն է կրելու»,– ասաց նա:
«Իսկ ի՞նչ կլինի պարտությունից հետո, նորից փողո՞ց»,- հարցադրում արեց ՆԺԿ ղեկավարը։
Արամ Կարապետյանը ՀԱԿ-ի լրջագույն սխալներից համարեց այն, որ ընդդիմադիր դաշինքը երկխոսության գնաց իշխանության հետ:
«ՀԱԿ-ը որոշեց, որ այնքան ճնշում է գործադրել իշխանության վրա, որ կարելի է կորզել դիվիդենտներ ու երկխոսության գնաց: Պետք է միշտ հիշել, որ սա Կովկաս է և ժողովրդի համար կան սկզբունքային մարդիկ, նույնիսկ եթե պարտվում են»,- ասաց նա:
Անդրադառնալով ընդդիմադիր բոլոր կուսակցություններին՝ Արամ Կարապետյանը նշեց, որ չի ողջունում այս ընտրություններին կուսակցությունների մասնակցելու որոշումը: Նա ծախված համարեց այն բոլոր մարդկանց, ովքեր այսօր ՀՀԿ-ի ցուցակում են:
Հարցին, թե ինքը՝ Արամ Կարապետյանը, արդյոք մասնակցելու է ընտրություններին և ում է տալու իր ձայնը, պատասխանեց. «Անպայման մասնակցելու եմ և իմ ձայնը տալու եմ ընդդիմությանը։ Եվ կոչ եմ անում բոլորին մասնակցել ընտրություններին և ձայն չտալ կոալիցիայի ներկայացուցիչներին»։
Արամ Կարապետյանը, սակայն չհստակեցրեց, թե ըննդիմություն ասելով, որ կուսակցույթունը նկատի ունի:









