Առաջին փոփոխությունները, որ Արամ Կարապետյանը կանի նախագահ դառնալուց հետո
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը մտադիր է առաջադրվել 2013թ-ի նախագահական ընտրություններին և այսօրվա մամուլի ասուլիսին անդրադարձավ այն մի քանի փոփոխություններին, որոնք պետք է իրականացնի ընտրվելուց հետո։
«Եթե հանկարծ նորից խնդիր չբացվի իմ՝ Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվելու ժամանակացույցի հետ, ուրեմն պատճառ չի լինի չառաջադրվելու: Բայց այդ նպատակով, ես ինքս օր առ օր գրանցում եմ, թե ինչքան եմ բացակայել Հայաստանից: Ես ռեգիստրի օրենքը լավ գիտեմ: Եթե նման խնդիր նորից ծագի շատ վատ է լինելու»,-ասաց նա:
Հարցին, թե իր առաջին քայլը որը կլիներ, եթե դառնար ՀՀ նախագահ, Արամ Կարապետյանը նշեց միանգամից մի քանի քայլեր:
«Եթե լինեի Սերժ Սարգսյանի փոխարեն, ԱԺ կմտցնեի օրենք, որով ԱԺ-ի պատգամավորների և ՀՀ նախագահի թեկնածունների ժամկետները կսահմանափակեի: Այսինքն օրենսդրորեն մարդը երկու անգամ իրավունք ունի լինել ԱԺ պատգամավոր և նույն մարդը ընդհանրապես իրավունք ունի երկու անգամ դառնալ նախագահ, ոչ թե անընդմեջ, այլ ընդհանրապես երկու անգամ: Սրանով կլուծվեր սերնդափոխության գործընթացը»,- ասաց նա:
Մյուս կարևոր քայլը, որ կաներ Արամ Կարապետյանը, մասնագետների կառավարություն ստեղծելն է և կոալիցիոն ուժերից հրաժարվելը:
«Կոալիցիան կթողնեի խորհրդարանում՝ որպես կոալիցիոն ուժերի համախմբում: Դրանով այլ ուժերի կստիպեի մտնել գաղափարական դաշտ: Եթե ուժը գալիս է խորհրդարան և գիտի, որ իր ներկայացրած թիմը չի դառնալու աճուրդի արդյունք, ապա մարդիկ կլինեին արդյունքում, որ չէին էլ ուզենա գալ խորհրդարան, որովհետև չէին կարողանա գործադիրում պաշտոններ ստանալ»,- ասաց նա և ավելացրեց, որ հաջորդ քայլով կմիանար Եվրասիական միությանը, որը շատ խնդիրների լուծում կտար:









