Ջազմեն Արմեն Թութունջյանից (Չիկո) երջանիկ մարդ չկա. 15 տարվա ընթացքում նրա աշխատավարձը 25 000-ից դարձել է 35 000

13:03 • 21.03.12

Հայտնի ջազմեն Արմեն Թութունջյանի (Չիկո) համար նախընտրական գործընթացների մասին խոսակցությունները խորթ են, քանի որ աշխատում է իր սիրած գործով և չի խառնվում: Իսկ ինչ վերաբերվում է այն քաղաքականությունը, որը տարվում է ընդդեմ մշակույթի նա այսօր լրագրողներևի հետ հանդիպմանը բնութագրեց կարճ. «Հակամշակութային տեռոր, իսկ եթե մշակույթ չկա , ուրեմն ոչինչ չի կարող լինել»,-ասաց նա:

Արմեն Թութունջյանը խոսեց մի շարք մտավորականների հետ վարչապետի հանդիպումից: Խոստումներից նա չխոսեց, բայց նշեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը լավ էլ տեղյակ է այն իրավիճակից, ինչ տեղի է ունենում մշակութային դաշտում:
«Հանդիպման ժամանակ ասեցի, որ իմ և իմ նմանների անսահման լավատեսությունն ապացուցվում է մի փաստով: Կոնսերվատորիայում դասավանդում եմ 15 տարի: 15 տարվա ընթացքում իմ աշխատավարձը 25 հազ-ից դարձել է 35 հազ: Ինձնից ավելի երջանիկ մարդ կա՞»,-նշեց նա և ավելացրեց, որ այդքանով հանդերձ իր համար երջանկությունը միայն գումարով չի սահմանափակվում, քանի որ տեսնում է, թե իրենից ինչքան շատ ավելի շատ վաստակաշատ մարդիկ ապրում են միմիայն Կոնսերվատորիայի աշխատավարձով:

Ջազմենը զարմացավ, որ ասուլիսին ներկա Վահան Արծրունուն չէին հրավիրել այդ հանդիպմանը, ով, չնայած, դա օրինաչափ համարեց: Հեղինակային կատարողին մի բան է զարմացնում, թե ինչու մինչ օրս նրանց հրապարակած այդ լավ ծրագրերը կյանքի չեն կոչվում: Չնայած, նա հասկանում է, որ այդ ամենի վրա նրանք « թքած ունեն ». «Այս ամբողջ գործընթացները նրանց համար է»,- ասաց նա:

«Ընդհանրապես մտավորականություն չկա հանրային կառույցի մեջ, հետևաբար, եթե սահմանումներ չկան, պատկերացումներ չկան, ուրեմն յուրաքանչյուր ոք կարող է իրեն հայտարարել մտավորական, և մենք ստիպված կլինենք, այդ մարդկանց տեսնել հարթակից հարթակ, կուսակցություններից կուսակցություն»,-ասաց նա: Իսկ այն հատվածը, որը մտավորական է, ըստ Արծրունու, ոչ թե ջայլամի քաղաքականություն է վարում, այլ աշխատում է իրեն վերապահված գործով՝ երգեր է գրում, համերգներ անցկացնում: