Չինաստանում չինովնիկի որդու մասնակցությամբ ավտովթարից հետո սոցցանցերում արգելափակվել է «Ferrari» բառը

15:50 • 21.03.12

Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամներից մեկի որդուն պատկանող Ferrari մակնիշի մեքենայի մասնակցությամբ կիրակի տեղի ունեցած ավտովթարից հետո, երկրի սոցիալական ցանցերում արգելափակվել է «Ferrari» բառը, իսկ այդ բառով որոնումները ոչ մի արդյունք ցույց չեն տալիս, հայտնում է The Guardian-ը:

Միջադեպի գիշերը վթարի մասին բոլոր նյութերը ջնջվել են երկրի բոլոր լրատվական պորտալներից, իսկ հաջորդ առավոտյան «Ferrari» բառը հանվել է նաև Twitter-ի չինական անալոգային Weibo միկրոբլոգների սերվիսի օգտատերերի բոլոր հաղորդագրություններից:

The Guardian-ը կարծում է, որ իշխանությունները, արգելափակելով բառը, պարզապես չեն ցանկանում, որպեսզի բնակչության շրջանում կուսակցական «բոսերի» ֆինանսական կարողությունների մասին լուրեր տարածվեն:

Վթարից անմիջապես հետո, սոցցանցերում տեղեկություններ էին հայտնվել, որ չինովնիկի որդին վթարի է ենթարկվել 200.000-260.000 դոլար արժողության F430 կամ F458 Spider մոդելի ավտոմեքենայով, երբ Չինաստանի բնակչության զգալի մասն օրական ունի ընդամենը 15 դոլարի եկամուտ: