Թամանյանը ժամանակին ոչ թե ուղղակի վիրահատություն է կատարել Երևանի հետ, այլ վերակենդանացրել է. Գ. Չուգասզյան

16:45 • 21.03.12

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը այսօր լրագրողների հետ հանդպիպմանը անդրադարձավ Մաշտոցի պուրակի մոտ 40-օրյա պայքարին, և ևս մեկ անգամ հիշեցրեց բոլորին, որ Երևանի գլխավոր հատակագիծը ուղղակի նախագիծ չէ:

«Սա մեր վերջին մայրաքաղաքն է, և շատ մեծ աշխատանք է տարվել սերունդների կողմից այն դարձնելու իսկական մայրաքաղաք դարձնելու համար: Սա ճարտարապետ Թամանյանի ստեղծագործական մտքի արգասիքն է»,-ասաց նա և ավելացրեց, որ բացի գեղեցիկ շինություններից, հատակագիծը ևս նրա ժառանգությունն է սերունդներին:

Նա իր խոսքում նշեց, որ Թամանյանը ժամանակին ոչ թե ուղղակի վիրահատություն է կատարել Երևանի հետ, այլ վերակենդանացրել է, և դրա կարևորագույն առանձնահատկություններից մեկն էլ հատակագիծն է:

«Այգու պայքարը սկսվեց որպես բնապահպանական հարթակ, բայց այլևս այն դադարել է միայն բնապահպանական լինելուց: Մեր այգում չի գործում ախպերական օրենքը, այստեղ տիրում է միայն առողջ մթնոլորտ»,-ասաց նա և ավելացրեց, որ սա ընդամենը մի քանի տասնյակ մարդկանց նախաձեռնություն է, բայց և այնպես ամեն մի մեծ նախաձեռնությունը սկսվում է մի քանի կամավորներից: