Ռոբերտ դե Նիրոն անհաջող կատակ է արել Միշել Օբամայի հետ. նա «սպիտակ Առաջին տիկին» է ցանկանում
Միացյալ Նահանգների առաջին տիկին Միշել Օբամայի մամուլի քարտուղար Օլիվիա Էլեիրը «ոչ տեղին» է համարել հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոյի կատակը:
Ինչպես հայտնում է ամերիկյան The Hill-ը, երեկ երեկոյան Նյու Յորքի ռեստորաններից մեկում Առաջին տիկինը կազմակերպել էր իր ամուսնու ընտրարշավի համար միջոցների հանգանակմանը նվիրված միջոցառում, որին հրավիրվել են նաև շոու-բիզնեսի ներկայացուցիչները:
Հանդիպմանը, Միշել Օբամայի ներկայությամբ դե Նիրոն դիմել է հանդիսատեսին` հարցնելով` պատրաստ է այն արդյոք «սպիտակ Առաջին տիկին ունենալուն»:
«Կալիստա Գինգրիչ, Կարեն Սանտորում, Էն Ռոմնի», - թվարկել է նա Հանրապետական կուսակցությունից նախագահի հավանական թեկնածուների կանանց անունները` հավելելով. «Իսկ դուք իսկապես կարծում եք, որ մեր երկիրը պատրա՞ստ է սպիտակ Առաջին տիկին ունենալուն»: Դահլիճից ինչ-որ մեկը պատասխանել է`«Ոչ»: Դե Նիրոն շարունակել է. «Շատ շուտով, այո՞»:
Միշել Օբամայի գրասենյակը տարածել է մամուլի հաղորդագրություն, որտեղ դերասանի արտահայտություններն անվանել է «անթույլատրելի»:
Ի պատասխան, Ռոբերտ դե Նիրոն տարածել է պաշտոնական հայտարարություն, որտեղ նշել է, որ չի ցանկացել որևէ մեկին վիրավորել, «հատկապես` Առաջին տիկնոջը»:
Հոլիվուդյան դերասանի կատակը չեն գնահատել նաև ԱՄՆ նախագահի թեկնածության հավակնորդները: Նյութ Գինգրիչի գրասենյակը դե Նիրոյի խոսքերը «ռասիստական» է անվանել և պահանջել է ներողություն խնդրել Միշել Օբամայից, քանի որ դերասանն իր կողմնակիցն է:









