Հայաստանի տարածքի 80%-ը ենթակա է անապատացման. Նազելի Վարդանյան

15:58 • 21.03.12

Հայաստանի անտառտնտեսության կարևոր խնդիրներից մեկը ծառահատումների հետևանքով առաջաջացող ամայի տարածքներն են։

Այսօր անտառների պահպանության օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսին «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության նախագահ Նազելի Վարդանյանն ասաց, որ Հայաստանի տարածքի 80%–ը եթակա է անապատացման:

«Անտառները պաշտպանիչ շերտ էին` կորցնելով դրանք, մենք նպաստում ենք կլիմայի փոփոխությանը: Կորցրել ենք հումուսային շերտերը»,– ասաց նա՝ ավելացնեոլվ, որ անապատացումը տեղի է ունենում հատումների պատճառով: «Հայաստանի տարածքի 80 տոկոսը եթակա է անապատացման»,- ասաց Նազելի Վարդանյանը:

Մյուս մտահոգիչ հարցը, ըստ նրա անտառային հողերի օտարումն է. «Կան հսկայական օտարված տարածքներ, որոնք օգտագործվում են տարբեր նպատակներով: «Վաղը կլինենք հարուստ պետություն, բայց տարածք չենք ունենա, որ ծառ տնկենք»,- նշեց բնապահպանը:

Մյուս խնդիրները վերաբերում են անտառային աշխատողներին: ՀԿ-ի նախագահը նշեց, որ այսօր «Հայասատանի անտառներ» հկ-ի ֆինանսավորումը բավարարում է միայն աշխատողների 80 տոկոսին, ովքեր էլ ստանում են 40-45 դրամ հազար աշխատավարձ, իսկ նոր տնկիների և խնամքի համար գումար այլևս չի մնում:

Բացի այդ՝ նվազել են նաև անտառապահի լիազորությունները: Բնապահպանի խոսքով՝ եթե նախկինում անտառապահը կարող էր տեղում առգրավել գողոնը, ակտ կազմել, այսօր միայն ակտ է կազմում, իսկ թե ինչ է լինում հետո, նա տեղեկանալ չի կարող:

Խոսելով վերջերս գյուղերում հաճախակի դարձած գայլերի հարձակումների մասին, Վարդանյանը նշեց, որ դա կապված է անտառային ոչ նորմալ պայմանների հետ, մասնավորապես սննդի բացակայության. «Եթե կենդանին հասել է գյուղ, ուրեմն ունի սնդի խնդիր հակառակ դեպքում չէր իջնի»,- ասաց հկ նախագահը: