«Ով ասես կա կուսակցությունների ցուցակներում». Գարեգին Չուգասզյան
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվող կուսակցությունների ցուցակների հայտնվել են ամեն տեսակ մարդիկ և հայտնի չէ, թե ընտրվելուց հետո ինչով են զբաղվելու։
Ըստ նրա, այն ինչ որ տեղի է ունենում ընտրությունների նախաշեմին, նման է հռոմեկայան կայսեր Կալիգուլայի ժամանակաշրջանին, երբ նա բերեց իր ձիուն և հայտարարեց, որ պետք է սենատոր լինի:
«Ով ասես կա կուսակցությունների ցուցակներում: Եվ չգիտես ովքեր են և ինչ են անելու ընտրություններից հետո»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Հայտնելով Սարդարապատ շարժման տեսակետը՝ Չուգասզյանն ասաց, որ սպասվող ընտրությունները կեղծվելու են։
«Հերթական կեղծ ընտրություններն են լինելու: Կազինոյում հնարավոր չէ հաղթել: Ընտրությունների ժամանակը շատ կարևոր է, բայց սա ընտրություններ չի: Բայց պետք է ոչ թե բոյկոտել, այլ ստեղծել նոր այլընտրանքային ընտրություն»,- ավելացրեց նա:
Խոսելով ընդդիմության մասին՝ Չուգասզյանն ասաց, թե ճիշտ ընդդիմությունը կազմում է աթոռի չորրորդ ոտքը, իսկ եթե այն ճիշտ չի սնուցվում, ուրեմն աթոռը սկսում է ճոճվել:
«Այսօր Հայաստանում ոչ միայն ընդդիմադիր, այլ ամբողջ համակարգն է ճոճվում»,-ասաց Գարեգին Չուգասզյանը:









