Իր քաղաքական գործունեության 20 տարիների ընթացքում Հմայակ Հովհաննիսյանը միշտ պաշտպանել է հալածյալներին

16:03 • 21.03.12

«Բարգավաճ Հայաստանի» համամասնական ցուցակ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հրավիրված և ընդգրկված է որպես անկուսակցական: Այս մասին Tert.am- ին հայտնեց հենց ինքը՝ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ 2-րդ և 3-րդ գումարումների խորհրդարաններում ունեցած իր ելույթները ներկա պահին տեղադրվում են Youtube- ում, ինչն էլ կլինի «Հմայակ Հովհաննիսյան ազգային-քաղաքական գործչի» ներդրումը ԲՀԿ-ի խորհրդարանական քարոզորշավին:

Որ կհրավիրվիրվեր ԲՀԿ–ի համամասնական ցուցակ, Հմայակ Հովհաննիսյանի համար պարզ է եղել վաղուց, քանի որ, որպես Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդատվություններով օգնել է դեռ 2006-ից, երբ մոտիկից շփվել են և դարձել լավ բարեկամներ: Քաղաքագետը, որը մինչև վերջերս իր՝ ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու մասին լուրերը ոչ հերքում, ոչ հաստատում էր, հայտնեց, թե Ծառուկյանի կողմից հրավեր եղել է նաև 2006 –ին:

Tert.am- ը հետաքրքրվեց նաև, թե ինչո՞ւ 2007-ի ԱԺ ընտրություններին Գագիկ Ծառուկյանը չհրավիրեց Հմայակ Հովհաննիսյանին, ինչին ի պատասխան նա ասաց. «Հրավիրել է, ինչպես նաև հրավիրել է Սերժ Սարգսյանը»:
Սերժ Սարգսյանին քաղաքագետը մերժել է հետևյալ պատճառով. «Որովհետև ես իմ քաղաքական գործունեության 20 տարիների ընթացքում միշտ պաշտպանել եմ նրանց, ովքեր իմ պաշտպանության կարիքն առավելագույնս ունեն, իսկ այն ժամանակ իմ պաշտպանության կարիքը զգում էր Սամվել Բաբայանը, ով փորձում էր իր տեղը գտնել հայաստանյան քաղաքական դաշտում: Եթե նկատել եք՝ ժամանակին պաշտպանել եմ Գդլյանին, երբ նա հայտնվեց ճաղերի հետևում, պաշտպանել եմ Դմիտրի Ադբաշյանին, բոլոր հալածյալներին, բոլոր հետապնդվողներին. Նիկոլ Փաշինյանին»։ Այս ողջ գործունեությունը Հմայակ Հովհաննիսյանը որակում է որպես՝«Ես գնացի ինքնազոհաբերության ճանապարհով»:

Հարցին, թե հիմա է՞լ է գնում ինքնազոհաբերության, և արդյո՞ք Գագիկ Ծառուկյանն էլ է հալածյալի կարգավիճակում՝ Հովհաննիսյանը ամենայն մանրամասնութամբ պատասխանելուց ձեռնպահ մնաց: Բայց ասաց, որ ԲՀԿ-ն մի քաղաքական թիմ է, որի ղեկավարն այս տարիների ընթացքում ցուցաբերել է հարվածը պահելու ունակություն և կամային հատկություններ: «Եվ, միաժամանակ, արժևորելով իմ ինքնուրույն կեցվածքը և անձեռնմխելի համարելով իմ ինքնուրույն կարգավիճակը՝ որպես քաղաքագետի, հրավիրեց ինձ մասնակցելու ընտրություններին որպես ազգային գործիչի»,-ասաց Հմայակ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի քննադատական ելույթը դժգոհություն առաջացրել ՀՀԿ –ում(մամուլում անգամ գրվեց, որ Ծառուկյանը մարդ էր ուղարկել ելույթ ունեցող Օսկանյանին մոտ՝ ասելով, որ էլ ելույթ չունենա):
Բայց Հմայակ Հովհաննիսյանը չի կարծում, որ այս պահին կոալիցիայի մաս կազմող ԲՀԿ շարքերում նման կոշտ ելույթներն ապագայում պրոբլեմների կհանգեցնեն, քանի որ ասաց.«Ես այն քաղաքական գործիչն եմ, վերլուծաբանն եմ, որի ինքնուրույնությունը հարգալից վերաբերմունքի է արժանացել ոչ միայն Գագիկ Ծառուկյանի, այլ նաև Սերժ Սարգսյանի կողմից: Եթե այդպես չլիներ, Դուք հիշում եք իմ քննադական, ընդդիմադիր կեցվածքը 2005-2006թթ., 2007-ի փետրվարին Սերժ Սարգսյանը ինձ չէր առաջարկի ընդգրկվելու ՀՀԿ ընտրական ցուցակում որպես անկուսակցականի: Եվ, իմիջիայլոց, ոչ պակաս բարձր տեղում, քան այսօր ես «Բարգավաճ Հայաստանի» ընտրացուցակում եմ: Իմ հանդեպ հատուկ վերաբերմունք ունեցել է նաև Սերժ Սարգսյանը և ես վստահ եմ, որ այսօր էլ նա արժևորում է իմ դերը որպես ինքնուրույն, անկախ մտածողի»:

Ի պատասխան դիտարկմանը, թե երեք տարի առաջ Հովհաննիսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին էր, այսօր՝ Գագիկ Ծառուկյանի, Հմայակ Հովհաննիսյանը վերաարձանագրեց, որ ինքը Կոնգրեսի անդամ չի եղել և «պաշտպանել է Լևոն Տեր-Պետրոսյանի իրավունքը՝ վերադառնալ մեծ քաղաքականություն և սրբագրել իր այն սխալները, որոնք նա թույլ է տվել իր նախագահության շրջանում»: Սա ըստ Հովհաննիսյանի՝ քրիստոնեական վերաբերմունք է: