«Ալ Կաիդան» ստանձնել է Իրաքում տեղի ունեցած հարձակումների պատասխանատվությունը

14:01 • 21.03.12

«Ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպության իրաքյան խմբավորումն իր կայքերից մեկում տեղադրված հաղորդագրությունում հայտարարել է,որ իր ստանձնում 48 անձի կյանք խլած ահաբեկչությունների պատասխանատվությունը, գրում է The Guardian պարբերականը:

Ըստ ահաբեկիչների` պայթյունների նպատակը եղել է խոչնդոտել Բաղդադում Արաբական լիգայի երկրների հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպումը:

««Ալ Կաիդայի» անդամները երկրի տարածքով մեկ պայթյուններ և զինված հարձակումներ իրականացնելով, ցանկացել են Արաբական լիգայի անդամներին ցույց տալ, թե իրենք որքան անպաշտպան կլինեն Բաղդադում, քանի որ երկրի պաշտպանական համակարգը բավական խոցելի է և անկարող է դիմակայել նման հարձակումներին»,– ասվում է հայտարարությունում:

Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Նագիլ Էլարաբայը դատապարտել է ահաբեկիչների գործողությունները և իշխանություններին կոչ արել շտապ քայլեր ձեռնարկել դրանց դեմն առնելու համար:

Իրաքի ներքին գործերի նախարարն իր հերթին հայտարարել է,որ նման հարձակումների կրկնման հնարավորությունը մեծ է, քանի որ իրենց տվյալներով ահաբեկիչներն օգտագործել են իրենց զինանոցի միայն 40 տոկոսը:

1990թ–ից ի վեր Արաբական լիգայի առաջնորդներն առաջին անգամ կհանդիպեն Իրաքում, ինչը երկրի իշխանությունների համար լավ հնարավորություն է ցույց տալ, որ երկիրը շարժվում է դեպի քաղաքական իրավիճակի կայունացում: