Պահանջում են ժամանակավորապես կասեցնել նոր շինարարական աշխատանքների թույլատրումը Կենտրոնում

12:41 • 21.03.12

Հասարակական մի քանի կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել, որով պահանջում են Երևանի կենտրոնն ամբողջությամբ հայտարարել հատուկ պահպանման ենթակա գոտի և ժամանակավորապես կասեցնել նոր շինարարական աշխատանքների թույլատրումը։

«Երևան քաղաքի ներկա քաղաքաշինական իրավիճակն այսօր ավելի քան երբևէ քննարկվում է հանրության շրջանում։ Մենք, մի շարք կազմակերպություններ ու միավորումներ մեր աջակցությունն ենք հայտնում ու միանում 2012 թվականի մարտի 7-ին սկզբնավորված Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորմանը` կյանքի կոչելու համար Երևանի հանրությանը այսօր հուզող մի շարք համընդհանուր գաղափարներին։

Այս հայտարարությամբ մենք համախմբվում ենք ներքոնշյալ կետերի իրականացման համար տարվող միջոցառումներին` հանուն Երևանի պահպանության.

• Երևանի կենտրոնն ամբողջությամբ հայտարարել հատուկ պահպանման ենթակա գոտի և ժամանակավորապես կասեցնել նոր շինարարական աշխատանքների թույլատրումը,

• բացառել հանրային, հատկապես կանաչ տարածքների հաշվին իրականացվող ցանկացած կառուցապատում և ձեռնարկել քայլեր տարիների ընթացքում հասարակությունից վերցված ունեցվածքը հետ վերադարձնելու ուղղությամբ,

• Երևան քաղաքի՝ տեղափոխման ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում առկա և դեռևս չապամոնտաժված շինությունները ներառել պահպանության ենթակա հուշարձանների ցուցակում և վերանայել դրանց տարածքների կառուցապատմանն առնչվող բոլոր որոշումները,

• անհապաղ սկսել վերջին երկու տասնամյակների ընթացքում ապամոնտաժված հուշարձանների վերականգնումը (Աբովյան, Բուզանդ, Կողբացի և Արամի փողոցներով պարփակված հատվածում),

• համաձայն ՀՀ օրենսդրության՝ ապահովել հանրության մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացներին` քաղաքաշինական յուրաքանչյուր ծրագրի ու նախագծի համար իրականացնելով արդյունավետ իրազեկում և հանրային քննարկում՝ հաշվի առնելով հանրության կարծիքը»:

Հայստարարությունն ստորագրել են «ԱԺԶ մշակութային» ՀԿ–ը, «Արամի խաչմերուկ» շարժումը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ–ը, «Հին ու նոր քաղաք հիմնադրամը», «Պետական կարիքների զոհեր» ՀԿ–ը, «ՈւրբանԼաբԵրևան – Քաղաքաշինության ժողովրդավարացման ինստիտուտը», «Քաղաքացիական ֆորում» ՀԿ–ը, «Ուտոպիանա.ամ- մշակութային-ստեղծագործական» ՀԿ–ը։