G8-ի անցկացման վայրի փոփոխությունը կապ չունի Պուտինի հետ. Օբամայի մամուլի քարտուղար
«Մեծ ութնյակի» գագաթնաժողովի անցկացման վայրի տեղափոխումը Չիկագոյից Քեմփ-Դևիդ կապ չունի Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին Չիկագոյից հեռանալու հետ, որը կարող է դիտվել որպես ցուցադրական դեմարշ: Այս մասին, պատասխանելով «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի հարցին` կարող է Պուտինի հեռանալը լինել G8-ի անցկացման վայրի փոփոխության պատճառ, ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մամուլի քարտուղար Ջեյ Քարնին: Նշենք, որ մայիսին Չիկագոյում պետք է անցկացվեն G8-ի ու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովները:
Սկզբնապես մայիսյան երկու գագաթնաժողովներն էլ ծրագրվում էր անցկացնել Չիկագոյում: Սակայն մարտի սկզբին, երբ երկու միջոցառումների կազմակերպման աշխատանքները գտնվում էին ավարտական փուլում, ԱՄՆ վարչակազմն անսպասելիորեն հայտարարեց G8-ի առաջնորդների հանդիպման վայրի տեղափոխման մասին: Բարաք Օբաման տեղափոխումը բացատրել է նրանով, որ Վաշինգտոնից դուրս գտնվող իր նստավայրում կարելի է ստեղծել առավել «հարմարավետ միջավայր» գերտերությունների առաջնորդների հանդիպման համար:
Մարտի 11-ին «Կոմերսանտ» թերթին զրուցակիցը հայտնել էր, որ դեռ անցյալի տարի, երբ Պուտինը հրավիրվել է Չիկագո`գագաթնաժողովներին մասնակցելու, Մոսկվան պատասխանել է, որ հաջորդ նախագահը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կմասնակցի միայն այն դեպքում, եթե Ռուսաստանն ու Դաշինքը կարողանան Եվրոպայում Հակահրթիռային պաշտպանութան համակարգի (ՀՊՀ) տեղակայման ծրագրի շուրջ առաջընթաց գրանցել:
«Հաշվի առնելով, որ մինչ մայիս ՀՊՀ շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվի, կարող է առաջանալ տհաճ իրավիճակ, երբ G8-ի գագաթնաժողովից հետո Պուտինը ցուցադրաբար լքի Չիկագոն»,- գրել էր թերթը:
Այս տեղեկությունը հաստատել էին թերթի` Կրեմլի և Արտաքին գործերի նախարարության աղբյուրները:









