Ռոբերտ Քոչարյանը մասնավոր այցով Հայաստանից բացակայում է. խոսնակը չի գաղտնազերծում նրա այցի աշխարհագրությունը
«Ես բան չունեմ ասելու Ռոբերտ Քոչարյանը Սինգապուրում է, թե որտեղ է, և թե հետո ուր է գնալու։ Կարծում եմ, ես պարտավոր չեմ ասել, թե մասնավոր այցով Ռոբերտ Քոչարյանը որտեղ է և երբ կվերադառնա»,– Tert.am–ին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը՝ ի պատասխան մեր հարցի, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում է «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա այն հրապարակումը, ըստ որի՝ այժմ Սինգապուրում գտնվող Ռոբերտ Քոչարյանը կրկին մեկնելու է Մոսկվա, իսկ Երևան է վերադառնալու մարտի 31–ին։
Միաժամանակ Վիկտոր Սողոմոնյանը հաստատեց, որ Ռոբերտ Քոչարյանը մասնավոր այցով այժմ բացակայում է Հայաստանից՝ կրկին շեշտելով, որ ՀՀ երկրորդ նախագահի մասնավոր այցերի մասին տեղեկությունները ինքը պարտավոր չէ հրապարակել։ «Այո, այժմ Ռոբերտ Քոչարյանը մասնավոր այցով բացակայում է երկրից, սակայն ես նրա մասնավոր այցերի ժամանակագրությունն ու աշխարհագրությունը չեմ հրապարակում»,– նշեց Սողոմոնյանը։
Մենք ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարին հիշեցրինք իր այն հայտարարությունը, ըստ որի՝ նա ասել էր, թե Ռոբերտ Քոչարյանը կխոսի մինչև ընտրություններ։ Մեր հարցին, թե դա ե՞րբ կլինի, Սողոմոնյանն արձագանքեց. «Ես ընդամենը հայտնել եմ իմ ենթադրությունը, որ նա մինչև ընտրություններ կարող է ներկայացնել իր ասելիքը։ Դա ընդամենը իմ ենթադրությունն էր»։









