ԵՄ-ն հրապարակել է Էշթոնի ճառի ուղղած տարբերակը

11:46 • 21.03.12

Եվրամիությունը երեքշաբթի հրապարակել է ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի ճառի շտկված տարբերակը: Նա զուգահեռներ էր անցկացրել Ֆրանսիայի հրեական դպրոցում կատարված ողբերգության ու Իսրայելի գործողությունների հետևանքով պաղեստինցի խաղաղ բնակիչների սպանության միջև, ինչն առաջացրել էր Թել Ավիվի վրդովմունքը:

Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, նոր տարբերակում հիշատակվում է ինչպես Գազայի հատվածում իրավիճակը, այնպես էլ պաղեստինցի գրոհայինների կողմից հրթիռակոծված իսրայելական Սդերոթ քաղաքը:

«Երբ տեսնում ենք այն ամենը, ինչ է կատարվում Գազայում ու Սդերոթում, աշխարհի տարբեր անկյուններում, մենք հիշում ենք այն երիտասարդներին ու երեխաներին, որոնք զրկվում են իրենց կյանքից»,- ասված է Էշթոնի ճառի նոր տարբերակում:

Իսրայելի վրդովմունքն էր առաջացրել այն, որ ճառի նախկին տարբերակում բացակայում էր «Սդերոթ» բառը:

Իսրայելական իշխանությունների կարծիքով` իր մեկնաբանության մեջ Էշթոնը նկատի է ունեցել պաղեստինյան խմբավորումների ու Իսրայելի միջև առճակատման հետևանքով զոհված պաղեստինցիներին:

Այս ճառն այնքան է զայրացրել Իսրայելին, որ ներքին գործերի նախարար Էլիախու Իշայը կոչ է արել Էշթոնին հրաժարական տալ, իսկ ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանն էլ իր հերթին ասել է, որ նա պետք է հրաժարվի իր խոսքերից:

Հիշեցնենք, որ երկուշաբթի ֆրանսիական Թուլուզ քաղաքի հրեական դպրոցում անհայտ անձը կրակ էր բացել անցորդների վրա, որի հետևանքով զոհվել էր դպրոցի 30-ամյա ուսուցիչն ու իր երկու` 3 և 6 տարեկան երեխաները, ինչպես նաև տնօրենի դուստրը: