Թե ինչ է գրել թերթը, դա իր գործն է. Ոստիկանությունը հավաստում է, որ Սախարովի հրապարակում կրակոցներ չեն հնչել

11:52 • 21.03.12

Սախարովի հրապարակում նախորդ օրը կեսգիշերին կրակոցներ չեն հնչել։ Այս մասին Tert.am–ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից՝ արձագնքելով մեր այն հարցին, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում է այդ մասին այսօրվա մամուլում եղած հրապարակումը։ «Նման բան այս պահի դրությամբ մենք չունենք»,– վստահեցրին ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ հիշյալ լուրը հրապարակել է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ այսօրվա համարում՝ մասնավորապես գրելով. «Ավելի ուշ մեզ հաջողվեց զրուցել մի տղամարդու հետ, որը, խնդրելով չնշել իր անունը, պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել այսպես, գիշերը ժամը 2-3-ի սահմաններում «Դուոս» գիշերային ակումբից դուրս է եկել մի տղամարդ` ռուս պարուհու հետ: Նրանց միջև վեճ է բռնկվել, ինչից հետո տղամարդը բղավել է, գոտկատեղից հանել է զենքը, մեկ անգամ կրակել աղջկա ուղղությամբ, երեք անգամ կրակել օդ, ինչից հետո բռնել է աղջկա մազերն ու գլուխը, հարվածել փողոցի մայթեզրերին»։ Մեր դիտարկմանը, թե թերթը մանրամասն տեղեկություններ է հրապարակել դեպքի մասին, լրատվական ծառայությունից արձագանքեցին. «Թե ինչ է գրել թերթը, դա իր գործն է, բայց մենք այս պահին գոնե նման դեպք չունենք արձանագրած»։