«Թուլուզի» երիտասարդ մարդասպանը խոստացել է հանձնվել
Ֆրանսիական Թուլուզ քաղաքի հրեական դպրոցի մոտ 4 անձի, այդ թվում` երեք երեխայի սպանած հանցագործը խոստացել է օրվա ընթացքում հանձնվել, հաղորդում է Reusters գործակալությունը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, հանցագործի ձերբակալման գործողությունն սկսվել է վաղ առավոտից:
Ոստիկանության տվյալներով` հանցագործի անունը Մոհամեդ Մերա է, նա 24 տարեկան է, ծնունդով` Ալժիրից: Փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է երեք ոստիկան:
Դեպքի վայր ժամանած Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կլոդ Գեանը հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում հանցագործն իրեն «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման գրոհային է անվանել, իսկ դպրոցի վրա հարձակմամբ` նա վրեժխնդիր է եղել մուսուլմանական երկրներում ֆրանսիացի զինծառայողների ներկայության, ինչպես նաև, ըստ France Presse գործակալության, իսրայելցի զինվորականների կողմից պաղեստինցի երեխաների սպանության համար:
Դեպքի վայր է բերվել հանցագործի մայրը, սակայն նա հրաժարվել է որդու հետ բանակցություններ վարելուց, քանի որ «իր որդու վրա ազդեցություն չունի»: Միևնույն ժամանակ, ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկչի եղբորը, ով, հնարավոր է՝ կապ ունի հանցագործության հետ:
Հիշեցնենք, որ երկուշաբթի ֆրանսիական Թուլուզ քաղաքի հրեական դպրոցում երիտասարդը կրակ էր բացել անցորդների վրա, որի հետևանքով զոհվել էր դպրոցի 30-ամյա ուսուցիչն ու իր երկու` 3 և 6 տարեկան երեխաները, ինչպես նաև տնօրենի դուստրը (տարբեր տվյալներով` 8-10 տարեկան):









