ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը ցանկանում է մրցել Կորյուն Նահապետյանի հետ ՀԱԹ–ում

14:14 • 21.03.12

Թեև Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքը դեռևս չի ներկայացրել իր ո՛չ համամասնական, ո՛չ մեծամանական ցուցակը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը ցանկություն հայտնեց մեծամասնական ընտրակարգով առաջադրվել Հարավ-Արևմտյան թաղամաս վարչական համայնքի թիվ 8 ընտրատարածքում:

«Ինձ լավ ճանաչում են այս թաղամասում, հաղթելուս հավանականույունը մեծ է: Այստեղ արդեն առաջադրված թեկնածու կա ՀՀԿ-ի կողմից՝ Կորյուն Նահապետյանը (պատգամավոր Սամվել Ալեքսանյանի փեսան)»,- ասաց նա և հիշեցրեց, որ ինքը նույն թաղամասից արդեն մեկ անգամ ընտրվել է 1990-ին։

Վահագն Խաչատրյանը չցանկացավ գնահատականներ տալ կուսակցությունների հրապարակած ցուցակներին՝ ասելով որ առաջիկայում դա կանի ՀԱԿ-ի ցուցակի մասին, երբ այն հրապարակվի:

«Առանց ցուցակին տեղյակ լինելու կարող եմ ասել որ ինձ այն կգոհացնի, քանի որ կազմողը Լևոն Տեր-Պետրոսյանն է»,- ասաց նա:

Ըստ նրա՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն խորհրդարան անցնելու շանս չունի:
«Նրանց միակ շանսը ադմինիստրատիվ ռեսուրսներն են, որոնք մոտ 10%-ի հնարավորությունն են տալիս: Մենք ամենամեծ հնարավորությունն ունենք այսօր, երկրորդը՝ ԲՀԿ-ն, հետո Ժառանգությունը, ՕԵԿ-ը և մյուս քաղաքական ուժերը հնարավորություն չունեն»,-ասաց նա։

Ըստ Վահագն Խաչատրյանի՝ անցած տարի ՀԱԿ-ի հնարավորություններն ավելի մեծ էին ընտրություններում մեծամասնություն կազմելու համար, ինչը պակասել է քաղաքական որոշակի գործընթացների, ինչպես նաև արտագաղթի հետևանքով: