Տարոն Մարգարյանն ու Կարեն Կարապետյանը չեն սիրում Երևան քաղաքը. Վահագն Խաչատրյան

16:47 • 21.03.12

Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի անդամ, քաղաքապետ Վահագն Խաչատրյանի կարծիքով այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատելաոճը ոչ մի կերպ չի տարբերվում իր նախորդի՝ Կարեն Կարապետյանի աշխատանքից, որը, նրա խոսքով, անտանելի էր դարձել:

«Իրենք քաղաքը ուղղակի կործանել են: Այն քաղաքը նույնիսկ որ կար 1995-ին, ավելի լավ հեռանկարներ ուներ, քան կա հիմա՝ 2012-ին»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

«Այսօր անում են ինչ ուզում են: Չկա ապագայի Երևան ծրագիր: Նրանք չեն սիրում մեր քաղաքը: Եթե սիրեին ուրեմն այսօր Տարոն Մարգարյանը կլիներ Մաշտոցի պուրակում՝ այն երիտասարդների կողքին, որոնք պայքարում են մի փոքրիկ պուրակի համար»,- ասաց նա և ավելացրեց, որ ֆինանսական խնդիրների հարց իրականում պուրակում չկա:
Վահագն Խաչատրյանը նշեց, որ մյուս վտանգը սպառնում է Դալմայի այգիներին, որը ժամանակին, ըստ նրա, փրկել էր Համբարձում Գալստյանը՝ 1990թ-ի Երևանի քաղաքապետը:

«Դրանք պետք է սեփականաշնորհվեին 1990թ-ին և Համբարձում Գալստյանի շնորհիվ դա չարվեց: Այնուհետև կար ծրագիր, որը ես շարունակեցի, ըստ որի՝ դալմայի այգիները պետք է դառնային զբոսանքի վայր»,– ասաց նա:

«Այսօր ճանապարհի թեթևացման համար ուզում են ոչնչացնել այգին, բայց այն որևէ արդյունք չի տալու»,- ասաց Վահագն Խաչատրյանը և ավելացրեց, որ այդ հատվածում ճանապարհը կառուցվում է հարակից հողերի գները բարձրացնելու համար:

Հարցին, թե ինքը ինչ կաներ այսօր, եթե քաղաքապետ լիներ, Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Կանաչապատում, կանաչ-կանաչ-կանաչ՝ ինչքան տեղ կա, որտեղ կա՝ տանիքներում, նկուղներում, ասֆալտի վրա, բոլոր տեղերում: Մանումենտը կվերականգնեի ինչքան հնարավոր է։ Ուրիշ բան պետք չի»,- ասաց նա: