Նիդերլանդներում հայտնաբերվել է Վան Գոգի վրձնին պատկանող միանգամից 2 կտավ
Նիդերլանդներում հայտնաբերվել է, որ Քրյոլեր Մյուլեր թանգարանում պահվող «Ըմբիշները» կտավը պատկանում է աշխարհահռչակ գեղանկարիչ Վինսենթ Վան Գոգի վրձնին, տեղեկացնում է BBC-ն:
Փորձագետների զարմանքը կրկնապատկվել է, երբ նրանք «Ըմբիշների» տակ հայտնաբերել են մեկ այլ կտավ, որի հեղինակը նույնպես հոլանդացի նկարիչն է:
1974թ-ից այս կտավը պատկանել է Քրյոլեր Մյուլեր թանգարանին, սակայն ելնելով դրա ոճային առանձնահատկություններից, մի շարք փորձագետներ բազմիցս կասկածի տակ են դրել կտավի հեղինակությունը, նշելով, որ այն նման չէ Վան Գոգի ոճին:
2003թ. հերթական հետազոտությունից հետո, կտավը համարվելով այլ նկարչի ստեղծագործություն հանվել էր թանգարանի ցուցափեղկերից: Այնուամենայնիվ, վերջերս, մի խումբ փորձագետներ, ռենտգենային հետազոտության շնորհիվ հաստատել են, որ կտավը պատկանում է Վան Գոգի վրձնին: Բացի դրանից, ռենտգենային ճառագայթները կտավի տակ ֆիքսել են մեկ այլ աշխատանք`«Վարդերով մարգագետին»-ը:
Նշվում է, որ ամենայն հավանականությամբ` Վան Գոգը նկարել է այդ կտավը Փարիզում գտնվելու տարիներին:
Ինչ վերաբերում է «Ըմբիշներին», ապա, Վան Գոգի տուն թանգարանի առաջատար մասնագետ Լուիս Վան Թիլբորգի հավաստմամբ` տվյալ կտավը բնորոշ է եղել այդ ժամանակվա Անտվերպենի ակադեմիային, որտեղ սովորել է նկարիչը:
Պահպանվել է նաև Վան Գոգի` եղբորը գրված մի նամակ, որտեղ նա խոստովանել է, որ գոհ է կտավից:










