«Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» երեկ երեկոյան քննարկում են ունեցել

13:42 • 21.03.12

Երեկ երեկոյան «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների վարչությունների համատեղ աշխատանքային նիստ, որի ընթացքում քննարկվել են ինչպես նախընտրական գործընթացներին, այնպես էլ հաղթական քարոզարշավ կազմակերպելու մարտավարությանը վերաբերող խնդիրներ: Այս մասին տեղեկացնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը։

Նշվել են այն նոր հնարավորությունները, որոնք բացվել են երկու կուսակցությունների, ինչպեսև քաղաքացիական հասարակության մի շարք հեղինակավոր և գործունյա ներկայացուցիչների` «Ժառանգության» համատեղ ցուցակով հանդես գալու շնորհիվ: Կարևորվել է այն ոգևորությունը, որը կարող է առաջացնել ընդդիմադիր ուժերի համախմբման այս հաջողված փորձը:

Միաժամանակ անհրաժեշտ է համարվել բացատրական աշխատանք տանել համակիրների այն հատվածի շրջանում, ուր ամբողջ խորությամբ չի ընկալվել նոր ցուցակի տրամաբանությունը:

Որոշվել է համատեղ աշխատանքային քննարկումները դարձնել պարբերական: