Այսօր առաջադրումների վերջին օրն է
Այսօր համամասնական և մեծամասնական ընտրակարգերով առաջադրվող թեկնածուների, կուսակցությունների ու դաշինքների Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման վերջին օրն է:
Այսօր առավոտյան ժամը 10.00–ի դրությամբ համամասնական ընտրակարգով իրենց ցուցակներն են ԿԸՀ-ին ներկայացրել դեռևս երեք քաղաքական ուժեր՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը և «Միավորված հայեր» կուսակցությունը։
Թերևս բացի ՀԱԿ-ից, գրեթե բոլոր հիմնական քաղաքական ուժերը հրապարակել են համամասնական իրենց ցուցակները կամ դրանց առաջին 10, 15 կամ 20 տեղերը:
Այսպես, ըստ ցուցակների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունների, ամենից մեծաթիվը Հանրապետական կուսակցությանն է՝ 250 հոգի, որից պաշտոնապես հրապարակվել է առաջին 20–յակը: ԲՀԿ–ն հրապարակել է իր առաջին 20-յակը, սակայն ԲՀԿ նախընտրական շտաբի պետ Վարդան Վարդանյանը Tert.am-ին հայտնեց, որ ցուցակը կլինի մոտ 170 հոգանոց: ՕԵԿ-ը առայժմ հրապարակել է ցացակի 15 հոգու անունները և հայտնի չէ ընդհանուր ցուցակի թիվը:
«Ժառանգություն»–«Ազատ դեմոկրատներ» դաշինքով 101 հոգուց բաղկացած միացյալ ցուցակի առաջին 25 թեկնածուներն են հայտնի: Դաշնակցությունը ընտրությունների կգնա 85 հոգանոց ցուցակով: Կոմունիստական կուսակցության ցուցակում ընդգրկված են 75 հոգի, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ներկայացրել է 45 հոգանոց ցուցակ, «Միավորված հայեր» կուսակցությունը՝ 29 հոգնոց ցուցակ:
Մեծամասնական ընտրակարգով առաջադրումներ կան բոլոր ընտրատարածքներում՝ բացառությամբ թիվ 1-ի: Այստեղ այսօր պատրաստվում է պատգամավորի թեկնածու առաջադրվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Ռուբեն Հայրապետյանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հաստատել էր ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիս էր հրավիրել և հայտարարել, որ ինքը չի առաջադրելու իր թեկնածությունը գալիք խորհրդարանական ընտրություններում: Հայրապետյանը կես կատակ–կես լուրջ ասել էր նաև, որ իր որոշումը փոխելու վրա կարող է ազդել միայն իր ընկեր Սամվել Ալեքսանյանը։
Ի դեպ նշենք, որ ըստ մեծամասնական ընտրակարգով առաջադրման պայմանների, եթե տվյալ ընտրատարածքում առաջադրվի միայն մեկ թեկնածու, ապա ընտրություններն այդ տարածքում չկայացած կհամարվեն: Իսկ եթե գրանցվի երկու թեկնածու, հետո մեկն ինքաբացարկ հայտարարի, ապա ընտրությունները կկայանան: Այս պահին, բացի թիվ 40 ընտրատեղամասից, մեկ թեկնածուով այլ ընտրատեղամաս չկա: Բացի այդ, թիվ 1-ում էլ դեռևս ոչ մի թեկնածու չկա։
Մայիսի 6-ին նախատեսված խորհրդարանի ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 8-ից:









