ՀՀ-ն սոցիալական պատասխանատվություն պետք է կրի իր քաղաքացու առջև. Արամ Սարգսյան

12:38 • 22.03.12

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրենք ուրույն ծրագրով են մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին և այդ ծրագրի յուրահատկություններից մեկն այն է, որ պետությունը պետք է սոցիալական պատասխանատվությություն կրի իր քաղաքացիու առջև։

Սարգսյանի խոսքով՝ իրենք կողմնակից են համակարգը փոխելուն: «Համակարգի փոփոխություն ասելով նկատի ունենք, որ ՀՀ-ն սոցիալական պատասխանատվություն պետք է կրի իր քաղաքացու առջև: Սա պետք է ամրագրվի նաև Սահմանադրության մեջ, որտեղ պետք է ուրիշ փոփոխություններ էլ անել: Այլապես այս համակարգով երկիրը անվտանգ ու գեղեցիկ չենք տեսնի»,- ասաց նա:

Արամ Սարգսյանին հատկապես վրդովեցնում է այն, որ իշխող կուսակցությունները մարդկանց նորից խոստումներ են տալիս, գումարներ առաջարկում, որոնք այլասերում են մարդկանց:

«Անհարմար պետք է զգան այն բոլոր կուսակցությունները, որոնք այսօր արդեն զբաղված են գումարներ բաժանելով, անձնագրեր հավաքելով: Մարդիկ այսօր նույնիսկ վախնում են հայտնել, թե ում են իրենց ձայնը տալու, շատ կան ծպտյալ ընտրողներ»,- ասաց նա:

Հարցին, թե ինչու Դեմկուսը չմիացավ այլ ուժերի և միասնական հանդես չեկավ ընտրություներին, նա պատասխանեց. «Մեր ծրագիրը տարբերվում է մնացած կուսակցությունների ծրագրերից: Եթե միանայինք ապա դա հնարավոր էր ՀՅԴ-ի կամ Կոմկուս-ի հետ, բայց մարդիկ ուզում են իրենց դրոշով գնալ»։

«Եթե միավորվել, պետք է միավորվեր որպես դաշինք, լիներ ընդհանուր ծրագիր, որտեղ մենք մեր մասնակցությունը պետք է ունենայինք, լիներ ցուցակում, որտեղ ընդգրկված են ոչ թե առաջնորդներ, այլ նաև արժանի մարդիկ: Սա սկզբունքային դիրքորոշում է»,– ասաց նա:

Արամ Սարգսյանն ավելացրեց, որ իրենք ունեն բազմահազարանոց համակիրներ և պետք է հավատ ներշնչել նրանց, որ իրենք միայնակ չեն: Նման պարագայում Արամ Սարգսյաը հույս ունի առաջիկա խորհրդարանական ընտրություննորին հավաքել մոտ 10% ձայն: