ԱՊՀ երկրների վարչապետները մայիսին կհավաքվեն Աշգաբադում

17:24 • 22.03.12

ԱՊՀ երկրների Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կանցկացվի մայիսի 30-ին, Աշգաբադում, ասված է կազմակերպության գործադիր քարտուղարության այսօր տարածած հաղորդագրության մեջ:

Քննարկման կներկայացվի 10 նախագիծ, որոնց զգալի մասն ուղղված է հումանիտար համագործակցության ոլորտում հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը: Այդ թվում` ԱՊՀ անդամ երկրների ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացման մինչև 2020թ. ռազմավարությունը,  ԱՊՀ անդամ երկրների միջազգային երիտասարդական համագործակցության մինչև 2020թ. ռազմավարության իրականացման շրջանակում 2012-2013թթ. միջոցառումների ցանկը և այլն:

Նիստի օրակարգը կքննարկվի ու կհաստատվի ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում, որը կանցկացվի Աստանայում, ապրիլի 6-ին:

Նշենք, որ այս տարի կազմակերպության նախագահությունը վստահված է Թուրքմենստանին: