Այսօր մենք մի դարդից անցնում ենք մյուս դարդին, ասում է Աշոտ Մանուչարյանը
Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ, ՀՀ առաջին նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աշոտ Մանուչարյանի համոզմամբ՝ այսօր հայերը մի դարդից գնում են մյուս դարդ, որը, ըստ նրա, կուսակցությունների հրապարակած ցուցակներն են, որոնցով դրանք պետք է մասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
«Ամեն հաջորդ օրը երանի ենք տալու նախորդ օրվան, քանի որ սխալ ճանապարհով գնում ենք անդունդ: Այս համակարգը ձևավորել են այս ցուցակների մարդիկ, ովքեր մարտի 1-ին գնդակահարեցին մարդկանց, որ այդ ցուցակը չփոխվի»,- այսօր հրավիրված ասուլիսն ասաց նա:
Այդուհանդերձ, նրա համոզմամբ, դրան զուգահեռ այս ամենի հիմնական պատասխանատուն ժողովուրդն է, քանի որ այս ամենին համաձայնում է:
«Երբ որ հասկանանք, որ սա փոխադարձ է, և եթե ես դարձա օլիգարխ, ապա հանուն ինձ 10.000 մարդ սովամահ կլինի, ինքնասպանությունները կշարունակվեն իմ պատճառով: Երբ ժողովուրդը հասկանա, որ այս գիշատիչը պետք է հաղթահարվի, այդ դեպքում մի օր էլ չի տևի համակարգի փոփոխությունը»,- ասաց նա:
Ըստ Աշոտ Մանուչարյանի՝ կառավարման ներկայիս համակարգն ամբողջ աշխարհով մեկ արդեն սպառել է իրեն: Մեր դեպքում, ըստ նրա, համակարգն այնպիսին է, որ մարդիկ ասում են, թե «մեր ուտելիքը քիչ է, եկե՛ք ավելացնենք», միչնդեռ աշխարհն անցնում է մյուսին՝ որն ասում է, թե միայն ուտելիքը չէ, և պետք է ամեն ինչ խժռել և մոլորակը վտանգի տակ դնել:
Աշոտ Մանուչարյանը համոզված է, որ այս վիճակից դուրս գալու դեղատոմսը կրկին հասարակության ընդվզումն է: «Այդ տեսակետից Հայաստանը շատ ավելի լավ վիճակում է: Մենք տեսել ենք, որ այլ կյանք գոյություն ուներ (19)88-ին, մարդկային հասարակությունը լրիվ ուրիշ չափանիշների վրա էր կառուցված՝ բացարձակ ներդաշնակության աշխարհ: Դա կարող ենք վերականգնել շատ ավելի բարձ մակարդակով»,- ասաց նա և նկատեց, որ այսօր ունենք զարգացած քաղաքացիական հասարակություն:
«Մարիամախոտը (նկատի ունի բնապահպան Մարիամ Սուխուդյանին) այսօր ամենահայտնի քաղաքական գործիչն է։ Նա ունի պատկերացում այսօրվա իրավիճակի, անելիքների ու այն ճանապարհի, որ պետք է գտնի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մի քանի քաղաքական ուժերի նա առաջարկել է «այս շիզոֆրենիայի շրջանակից դուրս գալ, ցուցակները շպրտել, այդ մարդկանց ընդգրկել ցուցակ և կյանքը կդառնա լրիվ ուրիշ»: «Ինչպե՞ս կլիներ, բա՞ իրենց փայը»,- ասաց Աշոտ Մանուչարյանը։









