Ադրբեջանն Արևմուտքի մուրճի ու Իրանի զնդանի միջև. The National Interest

14:01 • 22.03.12

Ամերիկյան The National Interest-ի խմբագիր, «Ժառանգություն» հիմնադրամի ավագ գիտաշխատող Արիել Քոենն իր հոդվածում Իրանի շուրջ լարված իրավիճակում անդրադարձել է հարևան Ադրբեջանի դերին:

«Նախկին խորհրդային երկիր Ադրբեջանը փոքր երկիր է, որը սեղմված է Ռուսաստանի ու Իրանի միջև: Այն գտնվում է Կասպից ծովի ափին, որը պետք է համարել ոչ թե ծով, այլ Երկիր մոլորակի վրա գտնվող ամենաաղի լիճը: Թող ամերիկացիները չընկճվեն, եթե այն չգտնեն քարտեզի վրա: Սակայն իր յուրահատուկ աշխարհագրական դիրքի համար, այն կարևոր դեր է խաղում Արևմուտքի ու Իրանի միջև առճակատման պարագայում», - գրում է նա:

Ըստ հոդվածագրի` թեհրանցիներին դուր չի գալիս ադրբեջանական իշխանությունների աշխարհիկ բնույթը: Իրանը պայքար է մղում աշխարհիկ Ադրբեջանի դեմ` հրահրելով կրոնական ծայրահեղականության աճը երկրի հարավում, կազմակերպելով հեռուստա և ռադիոհեռարձակումներ, որոնք շիական իսլամիզմ են քարոզում, և աջակցելով ծայրահեղական կազմակերպություններին:

Սակայն երկու երկրների միջև տարաձայնությունները կապված չեն միայն կրոնական հարցերի հետ: Ըստ Քոենի` կան նաև աշխարաքաղաքական խնդիրներ:

«Իրանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները շարունակում են վատանալ, քանի որ Ադրբեջանը զարգացնում է իր հարաբերությունները «մեծ քույր» Թուրքիայի, ինչպես նաև Միացյալ Նահանգների ու Իսրայելի հետ: Այն հայտնվել է Արևմուտքի կողմից իրանական միջուկային ծրագրի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մուրճի հարվածի ու իրանական պատասխան ռեակցիայի` զնդանի արանքում», - գրում է հոդվածագիրը:

Իրանի համար պատժամիջոցները գնալով հիվանդագին են դառնում, և դա կարող է Թեհրանին թույլ տալ իր «փոքրիկ հարևանին» վերաբերվել անվստահությամբ ու դառնալ առավել ագրեսիվ:

«Չնայած որ Ադրբեջանը միակ երկիրը չէ տարածաշրջանում, որը դարձել է Իրանի թիրախը: Նախորդ ամիս իրանական հետախուզությունը և «Հեզբոլլահ»-ի իր կողմնակիցներն օպերացիա իրականացրեցին Թբիլիսիում իսրայելական օբյեկտների դեմ», - հիշեցնում է նա:

Ըստ հոդվածագրի` Արևմուտքի ու Ադրբեջանի ընդհանուր հետաքրքրությունները հանգեցրել են հաստատված կապերի ամրապնդմանը: Այս կապերը Բաքվի համար նշանակում են, որ նա առավել մեծ հնարավորություններ ունի հակազդելու Իրանին տարածաշրջանում:

«Օրինակ` Իսրայելն Ադրբեջանին մատակարարել է 1.6 մլրդ դոլար արժողության զենք, ինչպես նաև անօդաչուների պատրաստման գործարան է կառուցում երկրում: Իրանի դաշնակից Հայաստանը, որը Լեռնային Ղարաբաղի համար հակամարտում է Ադրբեջանի հետ, զայրույթի մեջ է: Բավական է միայն նայել քարտեզին ու կարելի է հասկանալ, որ եթե ԱՄՆ –ն ու Իսրայելը որոշեն ավիահարված հասցնել իրանական միջուկային օբյեկտներին, Ադրբեջանը ձեռք կբերի հատուկ նշանակություն», - գրում է նա` հավելելով, որ շատ քիչ հավանական է, սակայն, որ Ադրբեջանը կհամաձայնվի իր ավիաբազաները տրամադրել նման հարվածի համար:

«Սակայն ինչպես հարևանություն անել, պետք է որոշեն իրենք»,- գրում է Քոենը:

Նրա խոսքով` ԱՄՆ-ի համար կարևոր է Ադրբեջանում խաղաղությունը: «Վաղուց ժամանակն է, որ Ամերիկան օգնի Հայաստանին ու Ադրբեջանին համաձայնության հասնել Լեռնային Ղարաբաղի խնդրում: Սա կօգնի Ադրբեջանը դարձնել լիարժեք ռազմավարական երկիր տարածաշրջանում», - եզրափակում է հոդվածագիրը: