Արտոնյալ հետախուզվողները տեղափոխվեցին բանտ (լուսանկարներ)

21:34 • 22.03.12

Ինչպես Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ նշված դատարանից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեցին երկու եղբայրներ՝ 31-ամյա Ալիկ Բանդուրյանն ու 32-ամյա Արսեն Բանդուրյանը:

Մոտ երկու ժամ առաջ դատարան բերված վերոնշյալ երկու եղբայրների նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ֆրանսիայի քրեական օրենսգրքի 224 հոդվածի 1-ին, 4-րդ, 5-րդ, 9-րդ, 10-րդ և 450–րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ մասերի (անձի առևանգում` նախապես պլանավորված կազմակերպված և իրականացված կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով:

Նրանք դատարան էին տեղափոխվել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության («կարմիր բերետներ») աշխատակիցների կողմից:

Դատարանի շենքը վերցված էր ուժեղածված հսկողության տակ, որը իրականացնում էին դատարանի դատական կարգադրիչները՝ կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանի գլխավորությամբ:

Դատակն նիստը դռնփակ էր: Քննչական մարմինը միջնորդել էր դատարանին, որպեսզի երկու եղբայրների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի կալանքը:

Դռնփակ դատական նիստը վարում էր դատավոր Գայանե Կարախանյանը, ով խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց միջնորդությունը և Բանդուրյան եղբայրների համար որպես խափանման միջոց կիրառեց 30-օրյա կալանքը:


Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Հայաստանյան էլեկտրոնային մի քանի լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Ալիկ Բանդուրյանը պետք է առաջիկայում կարգվի «օրենքով գող»:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի