Վարչապետը կառավարության նիստն սկսել է ծննդյան տարեդարձեր շնորհավորելով
Այսօրվա կառավարության հերթական նիստի սկզբում վարչապետ Տիգրան Սարգսյանը ծաղիկներ հանձնեց և շնորհավորեց ՀՀ կառավարության աշխատակազմի աշխատակից Ամալյա Ենգոյանի ծննդյան օրը:
Այնուհետև վարչապետն ասաց, որ այդքանով տոնական օրակարգը չի ավարտվում. այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանի ծննդյան 60 ամյակն է:
Հոբելյաններին շնորհավորելուց հետո տոնական օրակարգից կառավարության նիստն անցավ աշխատանքային օրակարգի, որում ընդգրկված է 36 հարց:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց օրակարգի հարցերից մեկը՝ կապված ՀՀ 2012-2014 թթ. անասնաբուժական պատրաստուկների, ախտորոշիչ միջոցների և ախտահանիչների ձեռքբերման ծրագիրը հաստատելու մասին, որի ժամանակ ՀՀ վարչապետն ասաց. «Երբ ես գյուղացիների հետ էի հանդիպում Արմավիրի մարզում, գյուղացիները բողոքում էին պատվաստանյութերի որակից»:
Ի պատասխան գյուղնախարար Սերգո Կարապետյանն ասաց, որ պատվաստանյութերի որակը ոչ մի կերպ չի վերահսկվում, քանի որ վերահսկելու երկու մեթոդ կա, կամ պետք է համապատասխան լաբորատորիա ունենանք, կամ էլ պետք է ուղղարկենք Եվրոպա, որպեսզի ստուգվի որակը:
«Իսկ ինչո՞ւ, թա՞նկ հաճույք է»,- հետաքրքվեց վարչապետը, որի գյուղնախարարը պատասխանեց. «Իհարկե»։









