Չեչեն գրոհայիններին «կդաստիարակեն» աշակերտների նամակներով
Չեչնիայում այսօր մեկնարկել է «Հոգու կանչը» ակցիան, որի ընթացքում կազմակերպիչները կհավաքեն հանրապետության բոլոր դպրոցների աշակերտների` ապօրինի զինված խմբավորումների անդամներին հասցեագրված նամակները, որոնցում երեխաները կոչ են անում նրանց վերադառնալ խաղաղ կյանքի:
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով Չեչնիայի կառավարության ներկայացուցչին, հավաքագրումից հետո, նամակներն ուղղաթիռներից կթափվեն անտառների ու լեռնային շրջանների վրա, որտեղ թաքնվում են գրոհայինները:
Նամակների թվում կան նաև երկրի ներքին գործերի նախարարության ու ապօրինի խմբավորումների զոհված անդամների երեխաների նամակները: Լավագույնը ճանաչված նամակները կհրապարակվեն մամուլում:
Ակցիան կավարտվի մեկ ամսից: Այն կազմակերպել են Կառավարության երիտասարդության հարցերով հանձնաժողովը, Կրթության ու գիտության նախարարությունը:









