Ֆրանկոֆոնիայի օրվա առթիվ ընդունելություն Արտգործնախարարությունում
Այսօր ՀՀ արտգործնախարարությունում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված ավանդական ընդունելությունը, որին ներկա են եղել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված՝ ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, Հայաստանում գործող ֆրանսիական հաստատությունների ղեկավարներ, գիտակրթական ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ նախարար Նալբանդյանն ասել է. «Ինձ շատ հաճելի է հյուրընկալել ձեզ ԱԳՆ հարկի տակ ավանդական դարձած այս ընդունելությանը՝ Ֆրանկոֆոնիայի օրվա կապակցությամբ: Տարիներ շարունակ Հայաստանը հստակ քայլերով գնում է դեպի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամակցություն, տարեց տարի առավել ամրապնդելով իր դիրքերը Ֆրանկոֆոն աշխարհում, իր նվիրվածությունը ֆրանկոֆոնիայի արժեքներին»,– ասել է նա:
ՀՀ արտգորխնախարար նաև նշել է, որ դրա ամենաթարմ օրինակներից է 2011թ. հոկտեմբերին Երեւանում կայացած ֆրանսախոս քաղաքապետերի համաժողովը, երբ Երեւանի քաղաքապետի հրավերով ամբողջ աշխարհից ավելի քան 150 ֆրանսախոս քաղաքապետեր հավաքվեցին Երեւանում:
«Այն ցույց տվեց ֆրանսախոս ապակենտրոնացված համագործակցության ուժը եւ հայկական քաղաքներին նոր հնարավորություններ տվեց համագործակցելու իրենց ֆրանսախոս գործընկերների հետ: Մարտի 15-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում եւ Հայաստանի մարզերում կկազմակերպվեն Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումներ՝ ավելի քան 250 մշակութային, գեղարվեստական, կրթական եւ բուհական միջոցառումներ»,– ասել է Էդվարդ Նալբանդյանը:









