ՀԱԿ–ը ԿԸՀ է ներկայացրել 120 հոգանոց համամասնական ցուցակը
Քիչ առաջ ՀՀ Կենտրանակն ընտրական հանձնաժողով ներկայացավ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Մանուշակ Պետրոսյանն ու ԿԸՀ-ին հանձնեց ՀԱԿ համամասնական ցուցակը:
«Մեր ցուցակի առաջին երեք տեղերը կարող եմ ասել: Ցուցակը բնականաբար գլխավորում է ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ տեղում է Ստեփան Դեմիրճյանը, իսկ եռյակը եզրափակում է Արամ Սարգսյանը: Կարող եմ ասել նաև, որ մեր համամասնական ցուցակը 120 մարդուց է բաղկացած, իսկ վերջին հորիզոնականում է Հայաստանի ժողովրդական կուսակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանն է»,-ասաց Մանուշակ Պետրոսյանը:
Վերջինս նշեց, որ Գրիգոր Հարությունյանի` ցուցակում ամենավերջին տեղում ներկայացնելը պայմանավորված է այն հաղթական տրամադրությամբ, որը կա ՀԱԿ-ի ներսում:
«Մեզ մոտ հաղթական տրամադրություն է, իսկ Գրիգոր Հարությունյանի` վերջին տեղում ընդգրկելը վկայում է այն մասին, որ մենք հաղթանակ ենք տանելու»,-ասաց Մանուշակ Պետրոսյանը:
Tert.am-ի հարցին, թե ինչու եք մինչև վերջ գաղտնի պահում համամասնական ցուցակը, Մանուշակ Պետրոսյանն ասաց, որ ինքը վախենում է անուններ տալուց. «Գուցե փոքր սխալներ թույլ տամ»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր վերջին օրն է, որ կուսակցություններն ու անհատները կկարողանան գրանցել իրենց թեկնածուներին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:
Մինչ ԲՀԿ համամասնական ցուցակը ԿԸՀ-ին ներկայացնելը, այսօր արդեն իրենց համամասնական ցուցակներն են ներկայացրել «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ դաշինքն ու «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները:
Նշենք նաև, որ երեկ ԿԸՀ իրենց համամասնական ցուցակն են ներկայացրել երկու կոմունիստական կուսակցությունների` «Հայաստանի կոմունիստական կուսակցության» և «Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցությունների» համատեղ դաշինքի համամասնական ցուցակը:









