Խորհրդարանականում կհաղթեր ԲՀԿ–ն, նախագահականում՝ Սերժ Սարգսյանը. հարցում

13:34 • 22.03.12

«Ում կտայիք ձեր ձայնը, եթե ընտրությունները լինեին այս կիրակի» հարցին, հարցված հայաստանցիների պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ. ԲՀԿ՝ 41 , ՀՀԿ՝ 37, ՀՅԴ, ՀԱԿ և «Օրինաց երկիր»՝ 5–ական և «Ժառանգություն»՝ 4 տոկոս: Հարցումն իրականացվել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության կողմից՝ IPSC և TNS opinion ընկերությունների հետ համատեղ, փետրվարի 29-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում։

ՀԵԲ գլխավոր քարտուղարը Մայքլ Քեմբեքը նշեց, որ հետազոտությունը անկախ կզբունքով է անցկացվել և բոլոր տվյալները համապատասխանում են միջազգային չափանիշներին. «Մենք սովորել ենք այն իրավիճակին, որ առկա է Հայաստանում։ Յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ անցկացվում են տարատեսակ հարցումներ, բայց մեզ համար շատ կարևոր էր չեզոք հարցում անցկացնել: Թեև մենք 100 տոկոս վստահությամբ չենք կարող ասել, բայց մի բան անկասկած է` տվյալները չեզոք են»,- հայտարարեց նա:

Քեմբեքը նաև հայտարարեց, որ հարցման նպատակն է հայկական ընտրազանգվածին ներկայացնել այսօրվա իրավիճակը: Հարցումների սահմանային սխալը, ըստ Քեմբեքի, 2.4 տոկոս է, այսինքն այդքան ավել կամ պակաս կարող է լինել իրական արդյունքից։ ՀԵԲ քարտուղարը շեշտեց, որ իրենք նպատակ ունեն լավ հարաբերություններ ստեղծել Հայաստանի և Եվրոպայի միջև, և այս ընտրությունները շատ կարևոր են այդ առումով:

Հարցումը զուգահեռներ է անցկացրել 2010թ. հոկտեմբերի հետ, երբ անցկացվել է նմանատիպ հետազոտություն և երբ նախընտրական ժամանակահատված չէր: Ըստ հարցման արդյունքների, ընտրությունների նախաշեմին բոլոր խոշոր կուսակցությունների մասին տեղեկացվածությունը կտրուկ աճել է:

Հարցվածների 64 տոկոսը դրական է պատասխանել խորհրդարանական ընտրություններին մասնակցության վերաբերյալ հարցին։ Քաղաքական ո՞ր ուժերի մասին եք ավելի լավ տեղեկացված հարցին դարձյալ հարցվածների մեծամասնությունը տվել է ԲՀԿ-ի անունը` 78, ՀՀԿ-ինը` 71, ՕԵԿ–ինը`51, ՀՅԴ–ինը` 34, «Ժառանգությանը»` 26 տոկոս:

Ի դեպ, ԲՀԿ–ՀՀԿ ուժերի հարաբերակցության մասին Քեմբեքն ասաց, որ թեև ԲՀԿ-ն մի փոքր առաջ է, բայց նշանակալի առումով տարբերություն ՀՀԿ-ի հետ չունի, քանի որ բացարձակ վստահորեն հնարավոր չէ ասել, թե ԲՀԿ–ն առաջինն է: «Բայց մենք վստահ կարող ենք ասել, որ այս երկու կուսակցությունները առաջնորդներ են: Մենք համոզված ենք, որ նրանք առաջնորդներ են»,- նշեց Քեմբեքը:

Նախագահական ընտրությունները այս կիրակի անցկացնելու դեպքում առաջատարը կլիներ Սերժ Սարգսյանը: Ընդ որում` եթե 2010թ-ին նրա վարկանիշը 27 տոկոս էր, ապա ներկայում այն կազմում է 33 տոկոս:

Ընդ որում` նախագահ Սերժ Սարգսյանին հարցվածների 100 տոկոսը ընկալում է իբրև փորձառու քաղաքական գործիչ, իսկ ԲՀԿ առաջնորդին՝ 77 տոկոսը:

Սերժ Սարգսյանին վստահելի է համարում հարցվածների 71 տոկոսը, իսկ Գ.Ծառուկյանին այդպիսին համարում է հարցվածների 87 տոկոսը:

Նույն ժամանակահատվածում աճել է նաև տեղեկացվածությունը կոնկրետ քաղաքական գործիչների մասին: Եվ եթե երկու տարի առաջ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի անունը առաջատարն էր, քանի որ ավելի մեծ թվով մարդիկ գիտեին նրա մասին, ապա այս հարցման ընթացքում առաջատար է դարձել Գագիկ Ծառուկյանը: Բայց, ըստ Քեմբեքի, ԲՀԿ առաջնորդը առավել ժողովրդականություն վայելող կուսակցության ղեկավարն է, մինչդեռ Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ առաջատար՝ որպես նախագահի պոտենցիալ թեկնածու:

Ըստ Մայքլ Քեմբեքի, հաջորդ նպատակը տեղեկանալն էր, թե քաղաքականության մասին ընտրողների մեծամասնությունը որ լրատվամիջոցներից է ստանում ինֆորմացիա: Պարզվել է, որ 95 տոկոսը տեղեկատվություն ստանում է հեռուստատեսությունից, ինտերնետից՝ 31, տպագիր մամուլից՝ 22 տոկոսը։

Հարցմանը մասնակցել է 1600 մարդ պատահական սկզբունքով Երևանից և մարզերից: