Հայպետհիդրոմետի կանխատեսմամբ ՝ հանրապետությունում սպասվում է միջինից բարձր բերք
Այս պահի դրությամբ հանրապետությունում սպասվում է միջինից բարձր բերք: Այս մասին այսօր նշեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: «Գյուղատնտեսական մշակաբույսերի վրա ձմռան սեզոնը բարվոք է անդրադարձել, չնայած այս տարի գրանցված նորմայից բարձր ցրտին»,-ասաց նա:
Ըստ օդերևութաբանի կանխատեսումների՝ պտղատուների մոտ նույնպես ձմեռն անցել է բարվոք և գրեթե չի արձանագրվել վնաս:
«Հայպետհիդրոմետ» ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանն այսօր ներկայացրեց Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցությունը գետերի հոսքի վրա: Ըստ նրա, գարնանային վարարումները կսկվեն ապրիլի երկրորդ տասնօրյակին:
Մասնագետը, սակայն, հավելեց, որ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման դեպքում սպասվում է նույնիսկ գետամերձ տարածքներում ջրածածկումներ: «Այս տարի ձնածածկույթը նորմայից շատ է եղել, այդ իսկ պատճառով էլ սպասվում է գետերի մերձակա տարածքներում ջրածածկումներ, մասնավորապես, Շիրակի, Վայոց Ձորի, Սյունիքի և Կոտայքի մարզերում»,-ասաց նա:
Լևոն Ազիզյանը նաև հավելեց, որ այդ շրջանում Սևանի մակարդակը կբարձրանա 58-60սմ, իսկ ողջ տարվա կտրվածքով՝ 24-29 սմ: Այս տարի, կանխատեսումների համաձայն, կլցվեն նաև հանրապետության 4 խոշոր ջամբարները:
Ի դեպ, հիդրոլոգիայի կենտրոնի պետը նաև նկատեց, որ Սևանը մարտի 19-ից համատարած սառցակալված վիճակում է, իսկ թե երբ կհալվի , կներկայացվի համապատասխան դիտարկումներից հետո:









