Ռուսաստանում հանցագործը գաղութից ուղղաթիռով է փախել
Ռուսաստանում սպանության համար ազատազրկված կալանավորը, Շեկսնա գյուղի կալանավայրից փախուստի է դիմել ուղղաթիռով: Ճիշտ նույն սցենարով, որով դեպքերը զարգանում են Կարեն Շահնազարովի «Ամերիկացի դուստրը» (Американская дочь) ֆիլմի եզրափակիչ տեսարանում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը:
Այս անգամ նույնպես, սպանության համար դատապարտվածը, կալանավայրից փախուստի է դիմել ուղղաթիռով: Փախուստը կազմակերպել են նրա հանցակիցները: Նրանք, տեղական ավիաընկերություններից մեկից ուղղաթիռ են առևանգել: Կախվելով գաղութի վրա, պարան սանդուղք են ներքև իջեցրել, որով փախստականը բարձրացել է ուղղաթիռի խցիկ: Իրադարձություններին փորձել է միջամտել պահակազորը, սակայն ապարդյուն:
Ավելի ուշ, ուղղաթիռն ու կապկպված օդաչուն հայտնաբերվել են Ռուսաստանի Վոլոգդա քաղաքում: Օդաչուն պատմել է, որ քաղաքի մերձակայքում հանցագործներին մեքենա էր սպասում:
Մարտաֆիլմի հերոսի դերում` փախստական Ալեկսեյ Շեստակովը երկար չի եղել: Ռուսաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ` հանցագործը ձերբակալված է:
Այս պահի դրությամբ հայտնաբերվել և ձերբակալվել է Շեստակովի փախուստին աջակցած անձանցից մեկը: Հանցակիցը, տեղի բնակիչ` 1987թ. ծնված երիտասարդ է, ով վարել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենան:
Փախուստը կազմակերպած և ուղղաթիռը առևանգած 2 անձանց որոնումները շարունակվում են:










