Հնդիկ ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ
Հնդկաստանի ֆուտբոլի առաջնության հանդիպումներից մեկի ժամանակ սրտի նոպայի հետևանքով մահացել է 27-ամյա հնդիկ ֆուտբոլիստ Վենկատեշը: Դեպքի վայրում շտապ օգնության մեքենա չի եղել, այդ իսկ պատճառով նրան հիվանդանոց են տեղափոխել մասնավոր ավտոմեքենայով, սակայն մարզիկի կյանքը փրկել չի հաջողվել:
Վենկատեշը «Բանգալորե Մարս» ակումբի կիսապաշտպան է: Թիմը հանդես է գալիս Հնդկաստանի առաջնության «Ա» դիվիզիոնում:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ֆուտբոլիստը խաղի 73-րդ րոպեին դուրս է եկել փոխարինման և խաղի վերջում սրտի նոպա ունեցել:
Օրեր առաջ սրտի նոպա է ունեցել անգլիական «Բոլթոն» ակումբի կիսապաշտպան Ֆաբրիս Մուամբան, ինչի պատճառով չի կարողացել ավարտել «Թոթենհեմ»-ի հետ գավաթային հանդիպումը: Նա տեղափոխվել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկը:









