«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները ամերիկյան նախագիծ չեն. քաղաքագետ
«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները ամերիկյան նախագիծ չեն: Այսպես է կարծում Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Եթե նայենք, բոլոր կուսակցություններն էլ դրսի հետ հարաբերություններ ունեն: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ևս ունեն, «Ազատ դեմոկրատներն» էլ ունեն, բայց սա նրանց չի դարձնում ամերիկյան նախագիծ»,-նշեց քաղաքագետը:
Խոսելով նշված կուսակցությունների դաշինքի մասին` քաղաքագետն ասաց, որ այն համարում է տրամաբանական և ռացիոնալ. ««Ազատ դեմոկրատների» քայլի տրամաբանությունը հասկանալի է, քանի որ իրենք դեռ նոր են, իմիջային ներուժ դեռ չունեն, իսկ ընտրությունները, քանի որ հիմա են, «Ժառանգության» հետ դաշինք գնալը հնարավորություն է տալիս նրանց լինել ԱԺ-ում, իսկ առանց դրա չէին կարող, միայն այն պատճառով, որ դեռ երիտասարդ են»,-ասաց Իսկանդարյանը և ավելացրեց, որ իր կարծիքով դաշինքը կհավաքի անհրաժեշտ 5 տոկոս:
Երկու կուսակցություններն էլ, ըստ քաղաքագետի, ունեն իրենց առավելությունները. «Ժառանգությունն» արդեն ունի իր ընտրազանգվածը, «Ազատ դեմոկրատներն» էլ ունի մարդկային պոտենցիալ` ռադիկալ, ընդդիմադիր մտածող անձինք:
Իսկ թե քանի տոկոս կհավաքի Հայ ազգային կոնգրեսը, քաղաքագետը նշեց, որ չի կարող ասել, քանի որ դա կախված է նրանից, թե ինչպես կաշխատի Կոնգրեսը` չնայած փայլուն գնահատեց նրանց հնարավորությունները:
«Կախված է նրանից, թե ոնց կաշխատեն, բայց նրանք մեծ ռեսուրս ունեն. փայլուն աշխատում են ամբիոնի մոտ, ինֆորմացիոն ոլորտում: Հրաշալի աշխատում է Լևոն Տեր-Պետրոսյանը, նա կարճ ժամանակներում աշխատելու չեմպիոն է », -ասաց Իսկանդարյանը:









