Արմեն Մարտիրոսյանը բացառում է, որ «Ժառանգության» համամասնական ընտրացուցակում փոփոխություն կլինի
Լրատվական կայքերից մեկում տեղեկատվություն էր տարածվել, թե «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունները երեկ երեկոյան քննարկում են ունեցել և վերջնականապես որոշել իրենց անելիքները: Ըստ տեղեկատվության` բացառված է, որ «Ժառանգության» ցուցակը նախկին տեսքով կներկայացվի ԿԸՀ, իսկ այս իրավիճակում «Ազատ դեմոկրատները չի բացառում» ընտրություններին միայանակ մասնակցելու հնարավորությունը:
Tert.am-ը փորձեց երկու կուսակցություններից ճշտել, թե որքանով են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը Tert.am-ին հայտնեց, որ ինքը տեղյակ չէ, երեկ երեկոյան հանդիպում եղել է, թե ոչ, սակայն բացառեց, որ որևէ փոփոխություն կլինի ընտրացուցակում:
«Որևէ փոփոխություն այս պահի դրությամբ ես բացառում եմ թե՛ ցուցակի, թե՛ միայնակ մասնակցելու վերաբերյալ»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Tert.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև «Ազատ դեմոկրատներ»-ից, սակայն կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանը չէր պատասխանում մեր զանգերին, իսկ կուսակցության անդամ Դավիթ Առաքելյանն էլ առաջարկեց քիչ ավելի ուշ զանգահարել:









