Նոր Ստեփան Սաֆարյանների, Զարուհի Փոստանջյանների ու Արմեն Մարտիրոսյանների ակնկալիքով. «Ժառանգությունը» ներկայացավ ԿԸՀ

15:51 • 22.03.12

Քիչ առաջ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացվեց «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների համատեղ դաշինքի համամասնական ցուցակը:

Համամասնական ցուցակը ներկայացնելու էին եկել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

«Մեր ցուցակի մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, այն մնացել է անփոփոխ» Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հակոբյանը, պատասխանելով հարցին, թե ինչ տեսք ունի դաշինքի համամասնական ցուցակի վերջնական տարբերակը:

Հարցին, թե նոր մարդկանց ընդգրկելը և ավելի փորձառուներին ցուցակում ավելի վատ տեղեր հատկացնելը ինչպե՞ս կանդրադառնա ընտրությունների ժամանակ իրենց վարկանիշին, Ռուբեն Հակոբյանն ասաց. «Այն ժամանակ մեր կուսակցությունից ոչ ոքի չէին ճանաչում, միայն հանրությանը ծանոթ էին Լարիսա Ալավերդյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, ես վստահ եմ, որ նոր մարդիկ էլ կդառնան Ստեփան Սաֆարյաններ, Զարուհի Փոստանջյաններ ու Արմեն Մարտիրոսյաններ»:

Ռուբեն Հակոբյանը նշեց նաև, որ դաշինքի համամասնական ցուցակը բաղկացած է 73 մարդուց:
Հիշեցնենք, որ այսօր համար կուսակցությունների համամասնական ցուցակներն ու Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ պատգամավորի թեկնածություններ ներկայացնելու վերջին օրն է:

Նշենք նաև, որ այսօր ԿԸՀ իրենց համամասնական ցուցակն են ներկայացրել նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը: