Հեղաշրջում Մալիում. զինվորականները գրավել են նախագահի նստավայրը

10:00 • 22.03.12

Մալիի Հանրապետությունում իշխանության դեմ պայքարող բանակային ստորաբաժանումները երկրի մայրաքաղաք Բամակոյում շրջապատել են նախագահական նստավայրը, գրում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

Նախագահական նստացայրի մոտ բախումներ են եղել հեղափոխականների ու իշխանությանը հավատարիմ ստորաբաժանումների միջև: Մայրաքաղաք զրահատեխնիկա է մտցվել:

Զինվորականները կալանքի տակ են վերցրել մի քանի նախարարի, այդ թվում նաև Արտաքին գործերի նախարարին: Կատարվածը պետական հեղաշրջում է որակվում:

Ավելի վաղ ցուցարարները գրավել էին պետական հեռուստաընկերության շենքը, ինչի արդյունքում հեռարձակումը որոշ ժամանակով ընդհատվել էր, իսկ հետո եթերում հայտարարվել էր, որ բանակի ներկայացուցիչները շուտով հանդես կգան պաշտոնական առաջարկով:

Թե որտեղ է գտնվում երկրի նախագահը, պարզ չէ, սակայն Reuters գործակալության տվյալով նա ապահով վայրում է:

Ավելի ուշ, հեղափոխականները հայտարարել են, որ գրավել են նախագահական նստավայրը, իշխանությունից հեռացրել նախագահ Ամադու Թումանի Տուրեին ու դադարեցրել ներկա սահմանադրության գործողությունը:

«Բի-Բի-Սի»-ի տեղեկություններով, բանակային հեղաշրջման պատճառը` զինված ուժերում` իշխանությունների կողմից տուարեգների ապստամբությանը արձագանքի հետ կապված դժգոհությունն է: