Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավարին

16:08 • 22.03.12

Մարտի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքնների գրասենյակը) դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկային (Radmila Shekerinska):

Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի շրջանակներում իրականացվող համագործակցության ու կառույցի աշխատանքների մեջ և այդ մասին է վկայում փաստը, որ Հայաստանի արտգործնախարարն առաջին ԱԳ նախարարն էր, որ դեռևս 2009 թ. այցելել է կազմակերպության՝ Վարշավայում գտնվող կենտրոնակայան:

Նախարար Նալբանդյանը վերահաստատել է առաջիկա ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու՝ ՀՀ իշխանությունների վճռականությունը և ընդգծել, որ այդ նպատակով միջազգային կառույցների հետ համագործակցաբար ծավալուն բարեփոխումներ են իրականացվել։ Մասնավորապես, լրամշակվել է Ընտրական օրենսգիրքը, որն արժանացել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հավանությանը, մի շարք այլ կարևոր քայլեր են ձեռնարկվել, որոնք դրական գնահատական են ստացել միջազգային հանրության կողմից:

Ռադմիլա Շեկեռինսկան շնորհակալություն է հայտնել դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին հղած հրավերի համար և նշել, որ իրենց գլխավոր նպատակն է աջակցել ընտրական գործընթացի բարելավմանը և որ այդ գործում դիտորդներն անաչառ են լինելու:

Դիտորդական առաքելության ղեկավարը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված երկարաժամկետ դիտորդները ու դիտորդական առաքելությունը կսկսի աշխատել ամբողջական ծավալով. նախատեսվում է, որ ընտրությունների ընթացքին կհետևեն 24 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ դիտորդներ:

Նախարար Նալբանդյանը վերահաստատել է ԱԳՆ պատրաստակամությունը, իր իրավասությունների շրջանակներում, օժանդակելու առաքելության աշխատանքներին: