Էդվարդ Նալբանդյանը ցավակցել է Շենուդա Երրորդ պապի մահվան կապակցությամբ
Մարտի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Երեւանում Եգիպտոսի դեսպանություն՝ ցավակցություն հայտնելու Ղպտիական եկեղեցու առաջնորդ Շենուդա Երրորդ Պապի մահվան կապակցությամբ:
Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ այդ կապակցությամբ Էդվարդ Նալբանդյանը գրառում կատարեց դեսպանությունում բացված Սգո մատյանում:
Եգիպտոսի դեսպան Մահամեդ Ալաէդին Սաադ Էլլեյսի հետ զրույցի ընթացքում, նախարար Նալբանդյանը նշել է, որ պատիվ է ունեցել անձամբ ճանաչել եւ բազմաթիվ հանդիպումներ ու զրույցներ ունենալ Շենուդա Երրորդի հետ:
Էդվարդ Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ ականավոր կրոնական առաջնորդի, մտավորականի, առաքինի մարդու եւ մեծ եգիպտացու հիշատակը միշտ վառ կմնա բոլոր նրանց մոտ, ովքեր պատիվ են ունեցել ճանաչելու Շենուդա երրորդին:









