ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարները հայտարարություն են տարածել

14:34 • 22.03.12

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` կոչ անելով ավելացնել ջանքերը ԼՂ հիմնահարցի լուրծման հարցում:

«Միայն խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորումը կարող է խաղաղության և կայունության հանգեցնել. հակամարտության լուծման համար ուժի կիրառման ցանկացած փորձ տարածաշրջանին էլ ավելի մեծ տառապանքներ կբերի», - ասված է հայտարարությունում:

«Մենք կոչ ենք անում ԼՂ հակամարտության կողմերի առաջնորդներին` հնարավորինս արագ ավարտել աշխատանքը շրջանակային համաձայնագրի և վերջնական որոշման ընդունման վրա, որը հիմնված է Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների` ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքների հարգման, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաև միջազգային իրավունքի և սկզբունքների հիման վրա, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանին դուրս գալ ստատուս-քվոյի շրջանակներից առավել անվտանգ և բարգավաճ ապագա», - ասված է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի ու Ալեն Ժյուպեի համատեղ հայտարարության մեջ:

Համաձայն հայտարարության` տարածաշրջանի ժողովուրդները շատ վնասներ են կրել պատերազմի հետևանքով և խնդրի կարգավորման ցանկացած ձգձգում միայն կավելացնի նրանց դժվարությունները:

«Տարածաշրջանի նոր սերունդը չի հիշում, թե ինչպես են հայերն ու ադրբեջանցիները կողք-կողքի ապրել և դա խորացնում է արհեստական անջրպետը և մեծացնում պատերազմի վերքերը: Այդ պատճառով կոչ ենք անում երկրների ղեկավարներին ժողովրդին պատրաստել խաղաղության, այլ ոչ պատերազմի», - ասված է հայտարարության մեջ: