Ջրօգտագործողները և իրենց ստեղծած ընկերություններն իրարից տարանջատված են. վարչապետ
Կառավարությունն այսօրվում հաստատել է 2012 թ. ընթացքում ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության չափաքանակները։
Անդրադառնալով այս հարցին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ մարզեր իր կատարած վերջին այցելությունները ցույց են տալիս, որ ջրօգտագործողները և իրենց կողմից ստեղծված ընկերություններն իրարից տարանջատված են։
«Մենք ժամանակին մտածում էինք օգնությունը տալ գյուղացուն, ոչ թե ընկերություններին, որպեսզի գյուղացին զգա, որ պետությունն այդ կանխիկ գումարը վճարում է իր համար։ Այժմ գյուղացիները դա չեն զգում»,– ասել է վարչապետը։
«Փաստորեն, մենք գյուղացիների փոխարեն գումարը տալիս ենք ջրօգտագործող ընկերություններին, որպեսզի ջուրը նրանց համար ավելի էժան լինի, բայց դա նրանք, ըստ էության, չեն զգում։ Պարզ է` դժվար է 220 հազար ջրօգտագործողների հետ առանձին-առանձին աշխատել»,- նշել է վարչապետը և ավելացրել, որ խնդրի լուծման և գյուղացիների կողմից ճիշտ ընկալման համար ժամանակ է պետք:









