Ազգային ժողովի վերջին նիստը քվորումի բացակայության պատճառով տապալվեց
4-րդ գումարման խորհրդարանի վերջին քառօրյայի հերթական նիստը չկայացավ: Նիստը կայանալու համար պետք է գրանցված լիներ 66 պատգամավոր, սակայն այսօրվա նիստին ներկա էին ընդամենը 39 պատգամավոր:
«Դա սովորական բան է, այստեղ արտառոց ոչինչ չկա, նախընտրական տրամադրություններ են»,- նիստի տապալվելուց հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում 4-րդ գումարման խորհրդարանի աշխատանքները, Սամվել Նիկոյանն ասաց. «Ես առանձնապես դժգոհ չեմ, այս խորհրդարանից: Ճիշտ է քննադատությունները շատ են եղել, բայց խորհրդարանն իր դերը կատարել է: Եթե մյուս երկրների խորհրդարանների հետ համեմատենք, ապա կտեսնենք, որ մեր խորհրդարանը շատ լավ և զուսպ խորհրդարան է եղել:
Նշենք նաև, որ Ազգային ժողովում գտնվող 39 պատգամավորների մեծամասնությունը խորհրդարանական ընդիմության ներկայացուցիչներ էին:









