ՀՀԿ համամասնական պաշտոնական ցուցակում վրիպակներ չկան. ՀՀԿ մամուլի խոսնակ

15:57 • 22.03.12

Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում, որը 85-րդ հորիզոնականից սկսված չի հրապարակվել, ներառված են բոլոր ՀՀԿ-ական նախարարները և միակ բացառությունը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է, ով կուսակցական չէ, այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով այսօր ասուլիս էր հրավիրել և ներկայացնում էր սկզբունքները, որոնցով կազմվել է համամասնական ցուցակը:

Նշենք, որ երեկ մամուլը մեկնաբանել էր, որ Բնապահպանության նախարար Արա Հարությունյանը ներառված չէ կուսակցության համասնական ցուցակի առաջին բլոկում, մինչդեռ նախարարը ասել էր, որ ներառված է, քանի որ իր անվան փոխարեն գրված է եղել՝ «Արամ Հարությունյան»: Նույնը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մարտին Սարգսյանի դեպքում էր տեղի ուենցել, ում անվան փոխարեն գրված էր՝ «Մանուկ»:

Հարցին, թե ինչու են նման վրիպակներ եղել, որոնք այսպիսի թյուրիմացությունների տեղիք են տվել, Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ պաշտոնապես ցուցակի հաջորդ համարները կհրապարակվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելիս, իսկ համացանցով տարածված տարբերակում հնարավոր է՝ վրիպակներ լինեն:
Ի պատասխան դիտարկմանը, որ այսօր մամուլի կողմից ՀՀԿ ցուցակը մեկնաբանվել էր որպես «ռետրո», իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ որպես «երիտասարդ կարիերիստների» ցուցակ, ՀՀԿ մամուլի խոսնակը նկատեց, որ մայսի 6–ց հետո կերևա՝ «ժողովուրդն ում է ընտրել և ով ով է»: