Սաուդյան տղամարդկանց այսուհետ թույլատրվում է միայնակ այցելել խանութներ

20:16 • 22.03.12

Սաուդյան Էր Ռիադի նահանգապետ, արքայազն Սաթամ բին Աբդուլազիզը նոր հրաման է արձակել, համաձայն որի` միայնակ տղամարդկանց այսուհետ կթույլատրվի այցելել առևտրի կենտրոններ, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

Նախկինում տղամարդկանց արգելվում էր միայնակ` առանց կանանց, այցելել խանութներ, քանի որ մտավախություն կար, որ նրանք կսկսեն սիրահետել կանանց ու աղջիկներին: Իհարկե, այս սահմանափակումը գործում էր միայն երեկոյան ժամերին ու հանգստյան օրերին, երբ խանութներում մարդկանց հոսքն ակտիվանում է:

Սահմանափակումը հանվեց, երբ երիտասարդները սկսեցին հավաքվել կենտրոնների մուտքերի մոտ` աղջիկ «խոսեցնելու» համար:

Կրոնական խիստ կանոնների պատճառով` Սաուդյան Արաբիայում երիտասարդության զվարճանքի վայրերը խիստ սահմանափակ են: Այդ իսկ պատճառով, առևտրային կենտրոնները դարձել են նրանց «ժամանցի վայրը»:

Սաուդան Արաբիայի կրոնական ոստիկանության համար, որը կոչված է հետևելու շարիաթի նորմերին, նման իրավիճակն «անբարոյականություն» էր համարվում, ինչի պատճառով էլ նման արգելք էր սահմանվել: