Ռաֆայել Իշխանյանը այն հսկաներից էր, ում փոխարինող այժմ չեմ տեսնում. Վազգեն Մանուկյան
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի համար հայտնի գրականագետ, լեզվաբան, մատենագետ Ռաֆայել Իշխանյանը մտքի հսկաներից էր, ում փոխարինող նա այժմ չի տեսնում: «Հսկաները գնում են, բայց նրանց փոխարեն չեն գալիս նորերը»,- այսօր Ռաֆայել Իշխանյանի 90-ամյակի առիթով կազմակերպված հանդիպման ժամանակ նշեց Վազգեն Մանուկյանը:
Նա իր խոսքում նշեց նաև, որ Ռաֆայել Իշխանյանը այն քիչ մարդկանցից է, ում ինքը համարում է իր ուսուցիչը. «Ես նրան համարում եմ իմ ուսուցիչը, բայց ոչ միայն իմ, այլև շատ սերունդների, նույնիսկ նրանց, ովքեր չեն գիտակցում Իշխանյանի ազդեցությունը իրենց վրա»:
Ռաֆայել Իշխանյանին նրա ուսանողուհին, ապա գործընկեր, «Հոգևոր Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Հարությունյանը հիշում է որպես համառ, հետևողական, ծայրահեղ սկզբունքային մարդ: «Շատ բազմաշնորհ մարդ էր, շատ սկզբունքային, երբեք չէր շեղվում իր սկզբունքներից. նույնիսկ ծայրահեղության էր հասնում նրա սկզբունքայնությունը»,- ասաց Անահիտ Հարությունյանը:
Նա նշեց, որ բարձր է գնահատում Իշխանյանի մոտեցումը կյանքի նկատմամաբ, ով ոչ միայն սահմանափակավում էր զուտ դասախոսություններով, այլև ուսանողների տրված բարոյական դասերով:
Ռաֆայել Իշխանյանի մասին իր հուշերով կիսվեց նաև նրա ուսանող, Հանրային խորհրդի անդամ Կորյուն Առաքելյանը: «Նա շատ խստապահանջ և մեծ հայրենասեր էր: Նրանից ես սովորել եմ լինել բարի, ազնիվ, ճշմարիտ»,- ասաց Առաքելյանը` վերհիշելով նաև, որ Իշխանյանի սիրած երգը «Ավլեմ, թափեմ փոշին» է եղել, որը նա սիրում էր կատարել կուրսի հետ հավաքների ժամանակ:
Նրա կարծիքով Իշխանյանը մեծ ժառանգություն է թողել և գրագետ ու հայեցի դաստիարակել առնվազն երկու սերունդ:










