Արևմուտքը Աֆղանստանին 40 մլրդ դոլար կհատկացնի
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է, որ Արևմուտքի երկրները 2014 թ.-ից սկսած երկրին տարեկան 4.1 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրեն:
Նախագահը նշել է, որ այդ գումարը նրանք կստանան 10 տարվա ընթացքում, այսինքն ռազմական օգնության ընդհանուր գումարը կկազմի ավելի քան 40 մլրդ դոլար: Ֆինանսական օգնությունը կուղղվի նոր ռազմական տեխնիկա և սպառազինություններ գնելուն:
«Այդ միջոցները թույլ կտան պահել բանակը և այլ զինված ուժերը: Մենք համաձայն ենք և շնորհակալ», - հայտարարել է նախագահը:
Ի սկզբանե ռազմական օգնության չափը որոշվել էր ՆԱՏՕ-ի կողմից՝ հիմք ընդունելով զինված ուժերում ծառայողների քանակը՝ 352 հազ.մարդ: Ավելի ուշ ԱՄՆ-ը հանգեց այն եզրակացության, որ Աֆղանստանի համար բավարար կլինի 230 հազ. մարդը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 4.1 մլրդ գումարի նման քանակը սահմանվել է հենց ամերիկացիների գնահատմամբ:
Միաժամանակ, աֆղան զինվորներն այդ գնահատականի հետ համաձայն չեն, մասնավորապես երկրի Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ 230 հազ. մարդը երկրի զինված ուժերի համար շատ քիչ է: Այդ կերպ հնարավոր չի լինի պաշտպանել երկրի անվտանգությունը և «կհանգեցնի աղետի»:
Հավելենք, որ ՆԱՏՕ-ի ներկայացուցչի խոսքով ռազմական օգնության ծավալը դեռ քննարկվում է: Այս պահին քննարկվում է այն նախագիծը, համաձայան որի, Արևմուտքը Աֆղանստանին կտրամադրի 3.6 մլրդ դոլար, իսկ մնացած 500 մլն դոլարը երկիրը կհատկացնի իր սեփական բյուջեից:









