Գյումրիում կայացավ «Ինչ, որտեղ, երբ» համահայկական ինտելեկտուալ մրցույթ-փառատոնը (տեսանյութ)
Մարտի 10-11-ը Գյումրիում անցկացվեց «Ինչ, որտեղ, երբ». «Գյումրու գավաթ» խորագիրը կրող համահայկական ինտելեկտուալ մրցույթ-փառատոնը, որը նվիրված էր Հայաստանում ինտելեկտուալ խաղի մեկնարկի 25-ամյակին: Քանի որ խաղը սկիզբ է առել Գյումրուց, ուստի հոբելյանական փառատոնի անցկացման համար վայր ընտրվել էր հենց Գյումրին:
Փառատոնին մասնակցում էին 25 թիմեր Երևանից, Գյումրուց, Նոյեմբերյանից և Արցախի Հանրապետությունից:
Փառատոնի կազմակերպմանն իր աջակցությունն ու հովանավորությունն է բերել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը, ով բացման խոսքում հպարտությամբ նշեց, որ 1994-95թթ. պատիվ է ունեցել խաղալ Գյումրիի մի թիմում, և հիմա ուրախ է, որ կարողանում է աջակցել նման միջոցառմանը։
«Խաղը չի կարող զարգանալ առանց հովանավորների: Ես ուրախությամբ նշում եմ, որ այս խաղը դրված է պետական հիմքերի վրա: Արման Սահակյանը այն եզակի մարդկանցից է , ով հասկանում է կարևորությունը երիտասարդ և մանուկ սերունդների դաստիարակման առումով։ Նա նաև շատ լավ հասականում է ինտելետկի արդյունավետությունը պետության զարգաման գործում»,- փառատոնի ժամանակ նշեց «Գիտակների հայկական ասոցիացիայի» փոխնախագահ Սուրեն Մանուկյանը:
Մինչ փառատոնի մեկնարկը գիտակները և Շիրակ ֆուտբոլային ակումբի նախագահը որոշել են օրհնություն ստանալ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանից:
Սուրեն Մանուկյան խոսքով Սրբազանի մոտ այցելելը շատ կարևոր է, քանի որ ինտելեկտուալ շարժման համար հարկավոր է ունենալ հոգևոր ներդաշնակություն. «Դա իրոք շատ կարևոր է, որովհետև այս ինտելեկտուալ շարժման հիմնական նպատակը ներդաշնակությունն է և՛ ֆիզիկապես, և՛ մտավոր, և՛ հոգևոր, իսկ հոգևոր ներդաշնակություն կարող էինք ստանալ միայ հոգևոր Սրբազանի հետ հանդիպելու միջոցով»,-ասաց Մանուկյանը:
Արման Սահակյանը մինչ խաղը սկսկելը հուշանվերներ հանձնեց «Սենատորներ» լեգենդար ակումբի անդամներին:
Փառատոնը անցավ թեժ պայքարում, որտեղ սկզբում առաջատար էր ամենափորձառու «Սենատորներ» թիմը, սակայն զարմանալիորեն թիմը երրորդ փուլում սկսեց քիչ միավորներ հավաքել և դիրքերով զիջել երիտասարդներին:
Ի վերջո երիտասարդները հաղթեցին. առաջին մրցանակին արժանացավ Երևանից «Ինդեքս պրո» ուսանողական թիմը: Երկրորդ տեղը գրավեց Արցախի Հանրապետությունը ներկայացնոց «Վարանդա», իսկ երրորդը` Երևանի «Մաֆիոզիներ» թիմը:
«Գիտակների հայկական ասոցիացիայի» փոխնախագահ Սուրեն Մանուկյանը փառատոնի ավարտին հանդես եկավ խոսքով և նշեց, որ պատահական չէր «Ինդեքս պրո» թիմի հաղթանակը. «Պատահական չէր երիտասարդների հաղթանակը: Դա արագ կողմնորոշվելու, իրավիճակը ճիշտ գնահատելու և ուժերի նպատակային բաշխում իրականացնելու արդյունք էր»: Իսկ «Սենատորներ» թիմի անդամ Արմեն Պետրոսյանը ողջունեց երիտասարդների մասնակցությունը և հաղթանակը` նշելով, որ իրենց փոխարինողներ կան:
Գյումրիի «Պոլիտեխնիկ» թիմի անդամ Խորեն Տիգրանյանը անցկացված փառատոնից շատ գոհ էր, հատկապես բարձր գնահատեց դրանց կարևորության արժանացումը: «Շատ բարձր եմ գնահատում նման մրցույթների անցկացումը, քանի որ դրանց միջոցով բարձր մարզավիճակի մեջ են պահում գիտակներին և օգնում շատ բան իմանալ, սովորել, զարգացնել ինտելեկտուալ որակները»:
Անցկացված միջոցառումից իր գոհունակությունը հայտնեց նաև փառատոնի հովանավորը, ով մեծ կարևորություն է տալիս ինտելեկտուալ առաջնությանը. «Կարծում եմ, մեզ հաջողվեց լավ միջոցառում անցկացնել, բավականին բարձր մակարդակի, իհարկե կազմակերպիչների շնորհիվ: Գլխավորը այն էր, որ պայքար կար բոլոր խաղերի ընթացքում և մինչև վերջ: Միակ բանը, որի համար կարող եմ ցավել, այն է, որ մեր թիմերը (Գյումրու) ավելի լավ կարող էին հանդես գալ։ Բայց այս տարի լինելու է ևս երկու միջոցառում, հուսով եմ ավելի լավ հանդես կգան», - նշեց Արման Սահակյանը` նկատի ունենալով «Ինչ, որտեղ, երբ» խաղի առաջնությունը, որը կանցկացվի մի քանի ամիս անց, իսկ մյուսը՝ տարվա վերջում:










